Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչված լինելու հանգամանքը ԼՂ խնդրով ընթացող բանակցությունների ժամանակ ամրություն է հաղորդելու հայկական կողմերին: Այս մասին հուլիսի 27-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ-ի ղեկավար Կարեն Բեքարյանը՝ պատասխանելով հարցին, թե ԼՂ անկախության ճանաչումն անիմաստ չի՞ դարձնի ԼՂ խնդրով ընթացող բանակցային գործընթացը: «Դուք ձեզ պատկերացրեք բանակցողի վիճակում, այն դեպքում, երբ, ասենք, արդեն 8 երկիր ճանաչել է ԼՂ անկախությունը: Դրանից բանակցողի դիրքերն ավելի ամուր կլինեն, իսկ բանակցողի՝ իր շահերին հետամուտ լինելու զինանոցն ավելի հզոր կլինի»,-նկատեց փորձագետը:
Նա նաեւ նշեց, որ չնայած ԼՂ խնդրով ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո ընթացող բանակցություններին, Ադրբեջանն այս ընթացքում փորձել է տարբեր միջազգային ատյաններում, օրինակ` ՄԱԿ-ում, համապատասխան փաստաթղթեր ու բանաձեւեր ընդունել տալ: «Դա արվել է հետեւյալ նպատակով՝ փորձել հարակից, լրացուցիչ գործիքների ու գործոնների հաշվին ներազդեցություն մտցնել բանակցային գործընթաց»,-նշեց Բեքարյանը: Նա նաեւ հավելեց, որ պետք է թե՛ ԼՂՀ-ի, թե՛ նաեւ Հայաստանի կողմից հնարավոր բոլոր ուղղություններով ու խողովակներով ջանքեր գործադրվեն՝ ԼՂ անկախության ճանաչման ուղղությամբ:




























