Ապրիլի 23-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, ժամը 17:00-ից բաց խորանի մոտ տեղի կունենա Հայոց ցեղասպանության նահատակների սրբադասման արարողությունը, որը կհեռարձակվի ուղիղ եթերով, ինչպես նաեւ կցուցադրվի Երեւանի Հանրապետության հրապարակում տեղադրված մեծ էկրանների վրա: Այս մասին հաղորդում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների կազմակերպման տնօրինությունը:
Հաշվի առնելով միջոցառումների ծավալը, մասնակցել ցանկացողների քանակը եւ բազմաթիվ պաշտոնական պատվիրակությունների ներկայությունը՝ ՀՀ ոստիկանությունը, Երեւանի եւ Էջմիածնի քաղաքապետարանները մշակել են հատուկ երթուղիներ, համաձայն որոնց՝ Երեւանի Բրազիլիայի հրապարակից Էջմիածին կմեկնեն անվճար ավտոբուսներ, որոնք ուղեւորներին կհասցնեն մինչեւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարածք եւ, այնուհետեւ, միջոցառման ավարտին կվերադարձնեն Երեւան: Խորհուրդ է տրվում խուսափել սեփական փոխադրամիջոցների օգտագործումից:
Սեփական ավտոմեքենաներով Էջմիածին մեկնողների տրանսպորտային միջոցները պետք է կայանել Էջմիածնից դեպի Արմավիր տանող ճանապարհահատվածում, որտեղից էլ ցանկացողներին ավտոբուսներով կտեղափոխեն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին:
Անվտանգության նկատառումներից ելնելով` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարածք, ինչպես նաեւ ստորեւ նշվող այլ հանրային միջոցառումների անցկացման վայրեր մուտք գործող անձանց արգելվում է`
1) կրել կամ ունենալ քիմիական, պայթուցիկ, հրավառ եւ դյուրավառ նյութեր, ինչպես նաեւ այն իրեր եւ միջոցներ, որոնց առկայությունը կամ կիրառումը կարող է վտանգ ներկայացնել շրջապատում գտնվող անձանց համար,
2) ունենալ ռազմամթերք, զենքի ցանկացած տեսակ եւ դրանց փամփուշտներ (բացառությամբ այն անձանցից, ովքեր, ելնելով ծառայողական պարտականությունների կատարումից, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով իրավունք ունեն պահել, կրել, կիրառել եւ օգտագործել հաշվեցուցակային հրազեն),
3) ունենալ մեծածավալ առարկաներ, այդ թվում՝ տնտեսական եւ այլ մեծ պայուսակներ, տոպրակներ, պարկեր, ճամպրուկներ, ուսապարկեր եւ այլն:
Միջոցառման անցկացման ժամանակ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարածք բերվող անձնական իրերը ենթարկվելու են զննման:





























