Սերբիայի խորհրդարանը (Ժողովրդական սկուպշինա) շուրջ 12 ժամ տեւած քննարկումներից հետո պաշտպանել է երկրի կառավարության կողմից ներկայացված բանաձեւի նախագիծը, որով նշվում են Կոսովոյի հարցով հետագա քայլերը:

Սկուպշինան իր աջակցությունն է հայտնել կառավարության մտադրությանը, որով նախատեսվում է սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային ներկայացնել բանաձեւի նախագիծ՝ Կոսովոյի եւ Մետոխիի հարցերով:

Այս նախագծի ընդունումը հնարավորություն կստեղծեր բանակցությունների միջոցով հասնել փոխզիջումային որոշման:

Այդպիսին է բանաձեւի էությունը, որի օգտին քվեարկել են Սերբիայի խորհրդարանում ներկա 218 պատգամավորներից 192-ը:  Դեմ են քվեարկել 26 պատգամավոր:

Սերբիայի խորհրդարանի բանաձեւը դարձավ Բելգրադի արձագանքը Հաագայի դատարանի Կոսովոյի հարցով որոշմանը, ըստ որի՝ Կոսովոյի միակողմանի անկախության հռչակումը չի հակասում որեւէ միջազգային օրենքի: