Հայոց ցեղասպանության մասին Հռոմի Պապի հայտարարությունը աննախադեպ էր։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայ առաքելական եկեղեցու միջեկեղեցական հարաբերությունների բաժնի ղեկավար, Արթիկի թեմի առաջնորդ Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը։
Եպիսկոպոս նշել է, որ Հայ առաքելական եկեղեցին մեծ ոգեւորությամբ եւ երախտագիտությամբ է ընդունել Հռոմի Պապի այդ քայլը։ «Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագը Վատիկանում կարեւոր իրադարձություն էր, որին ներկա էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին 2-րդը, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ 1-ինը, հայ կաթողիկե եկեղեցու առաջնորդ Ներսես Պետրոս 19-րդը»,- նշեց նա։
Եպիսկոպոս Մանուկյանը նշեց, որ Հայոց ցեղասպանության մասին Վատիկանում առաջին անգամ չեն խոսում։ Այդ մասին ասված է 2001թ. Հռոմի Պապի եւ Ամենայն հայց կաթողիկոսի միջեւ ստորագրված հռչակագրում։ Սակայն, ինչպես նշեց եպիսկոպոսը, առաջին անգամ Հռոմի Պապը աշխարհին միանշանակ կոչ արեց ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ Նա նաեւ նշեց, որ Պապի խոսքը պատգամ կդառնա աշխարհի 1 մլրդ կաթոլիկների համար։
«Պատարագը կաթոլիկ եկեղեցու հետ համագործակցության արդյունք էր։ Դա շատ կարեւոր է Մերձավոր Արեւելքում քրիստոնյաների իրավունքների պաշտպանության տեսակետից»,- ասաց եպիսկոպոս Մանուկյանը։



























