Եվրասիական տնտեսական հանձնաժողովում կայացել է Կոլեգիայի նախագահ Վիկտոր Խրիստենկոյի եւ Ռուսաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Մեհդի Սանաիի հանդիպումը։ Կողմերը փոխադարձ հետաքրքրություն են հայտնել ԵՏՄ եւ Իրանի միջեւ առեւտրատնտեսական փոխհամագործակցության զարգացման հարցում։ Այս մասին NEWS.am-ին տեղեկացրել են ԵՏՄ մամուլի ծառայությունից։

ԵՏՀ Կոլեգիայի նախագահ Վիկտոր Խրիստենկոն հայտարարել է, որ Իրանը Միության անդամ բոլոր առանձին երկրների կարեւոր դաշնակիցն է։ «ԵՏՄ-ի եւ Իրանի միջեւ հարաբերությունների զարգացումը տարածաշրջանում տնտեսական կայունության ապահովման մեր ընդհանուր աշխատանքի կարեւոր ուղղությունն է»,- նշել է Խրիստենկոն։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ԵՏՄ-ի եւ Իրանի հետագա համագործակցության հեռանկարները։ Մոտ ժամանակներս բարձր մակարդակի մի շարք փորձագետներ հանդիպումներ կանցկացնեն համագործակցության ձեւաչափը քննարկելու համար։