Curiosity մարսագնացի տրամադրած տեղեկությունների վերլուծության արդյունքում գիտնականները եկել են այն եզրակացության, որ Մարսի մակերեւույթին կարող է հեղուկ վիճակում գտնվող ջուր լինել։
Աստղագետները հայտարարել են, որ Մարս մոլորակի հողի կազմում կալցիումի պերքլորատ են հայտնաբերել, որը կալցիումական աղ եւ քլորաթթու պարունակող ոչ օրգանական միացություն է։ Նյութը ներծծող լավ հատկություն ունի եւ ունակ է որոշակի պայմանների առկայության դեպքում կլանել մթնոլորտի ջուրը։ Կարմիր մոլորակի մթնոլորտի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ նման պայմաններ առաջանում են գիշերը, իսկ ձմռանը՝ լուսաբացից առաջ, փոխանցում է Gazeta-ն։
Մարսի վրա հողը բավական ծակոտկեն է, եւ գիտնականները հայտարարել են, որ հեղուկ ագրեգատային վիճակում ջուրը կարող է կուտակված լինել մոլորակի մակերեւույթի տակ։ Սակայն գիտնականները նշում են, որ անգամ եթե Մարսի մակերեւույթի տակ ջուր հայտնաբերվի, շանսերը, որ այնտեղ կենդանի միկրոտարրեր կգտնվեն, շատ փոքր են։





























