Իսրայելական կողմի նախաձեռնությամբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հեռախոսազրույց են ունեցել: Այս մասին տեղեկացնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:

«Երկու երկրների ղեկավարները կարծիքներ են փոխանակել Իրանին С-300 զենիթահրթիռային համալիրների մատակարարման արգելքը վերացնելու՝ Ռուսաստանի նախագահի որոշման շուրջ: Այդ առիթով Բենյամին Նեթանյահուի հայտնած մտահոգությանն ի պատասխան՝ Վլադիմիր Պուտինը պարզաբանել է ռուսական ղեկավարության գործողությունների տրամաբանությունը, շեշտադրելով, մասնավորապես, այն փաստը, որ տեխնիկական բնութագրերով С-300 համակարգերը միայն պաշտպանական նշանակություն ունեն եւ չեն վտանգում Իսրայելի եւ մերձավորարեւելյան տարածաշրջանի այլ երկրների անվտանգությունը»,- Կրեմլի հաղորդագրությունն է մեջբերում «Ինտերֆաքս»-ը:

Քննարկվել են նաեւ միջազգային եւ տարածաշրջանային նշանակության արդիական այլ հարցեր: