Կապանի «Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի» ընկերության տնօրեն Ռոբերտ Ֆալլետայի մեքենայի տակ ռումբ է հայտնաբերվել: Հայտնաբերողները եղել են ընկերության աշխատակիցները: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ՀՀ ոստիկանության լրատվական ծառայության աշխատակից Արմեն Մալխասյանը հաստատեց այս տեղեկությունը: Ոստիկանութան օպերատիվ ամփոփագրից տեղեկանում ենք, որ   հունիսի 26-ին, ժամը 14.00-ին, Մանուկ Դ.-ն հեռախոսով ոստիկանության Կապանի բաժնին  հայտնել է, որ «Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի» ՓԲԸ տարածքում կայանված ավտոմեքենայի տակ նռնակ է տեղադրված:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ընկերության վարչական շենքին հարակից ավտոկայանատեղում կայանված «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի աջ հետեւի անվադողի հարեւանությամբ` սռնու վրա, մետաղալարով ամրացված է «Ֆ-1» տիպի նռնակ` պայթուցիչով, որի օղակը նույնպես մետաղալարով կապված է եղել սռնուց:

Նռնակը վնասազերծվել է դեպքի վայր հրավիրված ՀՀ պաշտպանության նախարարության սակրավորների կողմից: Արմեն Մալխասյանն ասաց նաեւ, որ հարուցվել է քերական գործ ՀՀ ՔՕ 137 հոդվածի 1-ին (սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ գույք ոչնչացնելու սպառնալիք) եւ 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից և դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը): Փաստի առթիվ այժմ կատարվում է նախաքննություն: