Իրանին C-300 զենիթահրթիռային համակարգեր մատակարարելը Իսրայելին չի սպառնում։ Դա բացառապես պաշտպանական նպատակներով մատակարարվող զենք է։ Այս մասին ապրիլի 16-ին կայացած ուղիղ գծի ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Ինչ վերաբերում է Իրանին C-300 մատակարարելուն, ապա Իսրայելին այդ մատակարարումները բացարձակ չեն սպառնում։ Ավելին՝ մենք կարծում ենք, որ տարածաշրջանում ձեւավորվող պայմանների ֆոնին, հատկապես Եմենում դեպքերի զարգացման պարագայում, նման զենքի մատակարարումը զսպող գործոն է»,- հայտարարել է Պուտինը։
Նախագահի խոսքով С-300 զենիթահրթիռային համակարգերը ՄԱԿ ԱԽ պատժամիջոցների ցուցակում չէին, ուստի ՌԴ որոշելէ միակողմանի կերպով հանել դրանց վրա դրված էմբարգոն, բայց Մոսկվան Իրանի դեմ պատժամիջոցների հարցում գործընկերների հետ միանական է լինելու։
Նրա խոսքով՝ Իրանի միջուկային ծրագրի շուրջ հաջող բանակցությունները հանգեցրել են նրան, որ Ռուսաստանը Իրանին С-300 համակարգերի էմբարգոն պահպանելու հիմքեր չունի։
Պուտինը հիշեցրել է, որ 2010թ. Ռուսաստանը միակողմանի կարգով կասեցրել էր Իրանին С-300 համակարգերի մատակարարումը Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ խնդիրների պատճառով։ «Բայց այսօր մենք տեսնում ենք, որ մեր իրանցի գործընկերները շատ մեծ ճկունություն եւ փոխզիջման հասնելու կամք են ցուցաբերում։ Եվ հիմա, երբ այդ ուղղությամբ առաջընթաց կա, եւ այն ակնհայտորեն դրական է, ուստի մենք հետագայում էլ այդ արգելքը միակողմանի կարգով պահպանելու ոչ մի հիմք չունենք»,- ասել է ՌԴ նախագահը։





























