Երիտասարդների համար այսօր դժվար է հաստատվել քաղաքական դաշտում։ Մի կողմից խանգարում է քաղաքական դաշտի խտությունը, մյուս կողմից՝ երիտասարդների մոտ գիտելիքների պակասը։ Հայաստանի երիտասարդական կուսակցությունը օրիգինալ ձեւ է գտել քաղաքական դաշտում նկատելի դառնալու համար՝ որոշել են ստեղծել «Երիտասարդական կառավարություն»: Հայաստանի երիտասարդական կուսակցության նախագահ Վահան Բաբայանը NEWS.am-Ինովացիայի թղթակցի հետ հարցազրույցում ասաց, որ երիտասարդական կառավարության անդամ դառնալ ցանկացողները ընտրվելու են՝ անկախ իրենց կուսակցական պատկանելիությունից:
««Երիտասարդական կառավարության» անդամներ կարող են դառնալ մագիստրատուրայում, ասպիրանտուրայում կամ բարձր կուրսերում սովորող այն ուսանողները, որոնք աչքի են ընկնում գերազանց կամ լավ առաջադիմությամբ, զբաղվում են հասարակական գործունեությամբ, ունեն ամբիցիաներ եւ մտահոգված են երկրի ապագայով»,- ասաց Բաբայանը` ավելացնելով, որ իրենք այսօր խնդիր ունեն հայտնաբերել լավ երիտասարդ կադրերի, ովքեր ապագայում ցանկանում են մասնակից լինել երկրի կառավարման գործընթացներին:
Բաբայանի խոսքով` «Երիտասարդական կառավարությունը» հասարակության լավագույն ինտելեկտուալ խավի եւ կառավարության միջեւ ընդամենը կապող օղակի կամ միջնորդի դեր է ստանձնելու` ստեղծելով ապագա ղեկավար կադրերի եւ ապագա նախարարների:
Բաբայանը նշեց, որ երիտասարդ նախարարները մեկ ամսվա ընթացքում պետք է առնվազն երեք առաջարկ ներկայացնեն Հայաստանի կառավարությանը։ Յուրաքանչյուր ամիս նախարար ընտրվելու է ամենաբանիմաց երիտասարդը, ով մեկ ամսվա ընթացքում կկարողանա գոնե մեկ օգտակար առաջարկություն ներկայացնել տվյալ գերատեսչությանը, այդ կերպ՝ ոչ միայն երեւալ, այլեւ տեղ հասցնել սեփական գաղափարները:
Բաբայանի տեղեկացմամբ` «Երիտասարդական կառավարությունը» գործելու է սեպտեմբերից եւ ամիսը մեկ անգամ ռոտացիոն սկզբունքով փոխելու է իր երիտասարդ նախարարներին: Բաբայանը նշեց նաեւ, որ «Երիտասարդական կառավարության» լավագույն անդամները կպարգեւատրվեն ծրագրի պատասխանատուների կողմից եւ կընգրկվեն «Հայաստանի երիտասարդական կադրային ռեզերվ» ծրագրում եւ, ո՜վ գիտե, գուցե մի օր էլ իրականում դառնան նախարար:
Լուսինե Մովսիսյան




























