Երեւանի քաղաքապետարանի եւ իտալական «Ռենկո» ընկերության համատեղ ներդրումային ծրագրով մայրաքաղաքում կկառուցվի եվրոպական չափանիշներին համապատասխան նոր ու ժամանակակից հեծանվահրապարակ: Ծրագրի մեկնարկն այսօր` հուլիսի 28-ին ազդարարեցին Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանն ու «Ռենկո» ընկերության Հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Ֆռանչեսկո Ջուստոտտին: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Երեւանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից: «Երեւան քաղաքի համար կարեւոր այս ներդրումային ծրագիրը կնպաստի Հայաստանի եւ Իտալիայի ժողովուրդների բարեկամական կապերի զարգացմանն ու ամրապնդմանը՝ ի բարօրություն հայ եւ իտալացի ժողովուրդների»,- այսպիսի բովանդակությամբ ուղերձով պարկուճը նրանք տեղադրել են կառույցի հիմքում:
Նոր հեծանվահրապարակը կկառուցվի Ծովակալ Իսակովի պողոտայի 27/8 հասցեում գտնվող 2 հա տարածքում ու նախատեսված կլինի ավելի քան 3200 հանդիսատեսի համար: «Շատ մոտ ապագայում Երեւանը կունենա միջազգային չափորոշիչներին համապատասխան հեծանվահրապարակ, ինչը կնպաստի Հայաստանում հեծանվասպորտի զարգացմանը: Այս կառույցը շատ հարմար կլինի նաեւ բազմաթիվ սպորտային միջոցառումների անցկացման եւ տարբեր մարզաձեւերի զարգացման համար: Կարող ենք նաեւ այլ մեծ միջոցառումներ այստեղ անցկացնել»,- նշել է Երեւանի քաղաքապետը:
Սա Երեւանի քաղաքապետարանի եւ «Ռենկոյի» համատեղ ներդրումային ծրագրի երկրորդ փուլն է: Ծրագրի առաջին փուլով Ազատության հրապարակում կառուցվեց ստորգետնյա ժամանակակից ավտոկայանատեղի` նախատեսված 500 ավտոմեքենաների կայանման համար:
Հեծանվահրապարակի ճարտարապետ Ռուբեն Հասրաթյանը Երեւանի քաղաքապետին է ներկայացրել հեծանվահրապարակի էսքիզներն ու նախագիծը: Նոր հեծանվահրապարակը կունենա 250 մ երկարությամբ շրջագիծ, որի վազքային գոտու լայնությունը կազմում է 7 մ: Հարթակները եւ վազքուղին ծածկված կլինեն փայտե կոնստրուկցիաներով, որոնք իրենցից ներկայացնում են 20մ թռիչքով ֆերմաներ: Տարածքում կլինի հեծանվահրապարակին պատկանող կառույց, որը կունենա նախամուտք, սրահ, մարզիկների եւ մարզիչների համար առանձին հանդերձարաններ` ցնցուղներով, երկու մարզասրահ նախապատրաստական եւ հետմարզական վարժման համար` կից հանդերձարաններով եւ ցնցուղներով, հեծանիվների պահման եւ նորոգման սենյակներ, ավտոկայանատեղեր, առաջին բուժօգնության սենյակ, կառույցի ղեկավարության համար գրասենյակներ, կոնֆերենս դահլիճ, ճաշարան, հասարակական սանհանգույցներ: Հեծանվահրապարակում ներառված է ավտոկայանատեղի՝ 240 մեքենայի համար:
«Մենք մեր պատրաստակամությունն ու պարտավորությունն ենք հայտնում ժամանակին ավարտել այս նոր գլուխգործոցի, նոր կառույցի շինարարությունը Երեւանում»,- ասել է Ֆրանչեսկո Ջուստոտտին:
Հայաստանի հեծանվասպորտի ֆեդերացիայի նախագահ Ալեքսանդր Բերեզովսկին իր հերթին նշել է. «Իր տեսակի մեջ սա կլինի լավագույն հեծանվահրապարակներից մեկը ամբողջ հետխորհրդային տարածքում եւ Եվրոպայում: Այստեղ կանցկացվեն ինչպես տեղական այնպես էլ միջազգային մրցումներ»:




























