Հուլիսի 28-ին Վիենայում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Բեռնար Ֆասիեն (Ֆրանսիա) եւ Ռոբերտ Բրադկեն (ԱՄՆ) հանդիպել են Մինսկի խմբի անդամների հետ: Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ԵԱՀԿ պաշտոնական կայքէջից, նրանք տեղեկացրել են ԼՂ խնդրի կարգավորման բանակցային գործընթացի, հունիսի 17-ին Սանկտ-Պետերբուրգում Հայաստանի, Ադրբեջանի եւ ՌԴ-ի նախագահների եռակողմ հանդիպման, ինչպես նաեւ Ալմաթիում եւ Կուսկոկում համանախագահող երկրների կողմից տարածած հայտարարությունների մասին:

Համանախագահները նշել են, որ Հայաստանի ու Ադրբեջանի գործադրած ջանքերը բավարար չեն եղել առկա տարաձայնությունները հաղթահարելու համար, եւ անհրաժեշտ է ձեռնարկել հավելյալ քայլեր` հրադադարի ռեժիմն ամրապնդելու եւ փոխզիջումների պատրաստակամությունը ի ցույց դնելու համար:

Հաղորդագրության մեջ նշվում է նաեւ, որ համանախագահները մտադիր են սեպտեմբերի սկզբին այցելել տարածաշրջան`  հակամարտության կողմերի ջանքերին աջակցելու նպատակով: