System of a Down ռոք խմբի վոկալիստ Սերժ Թանկյանին միշտ դուր են եկել այնպիսի առաջնորդներ, ինչպիսիք եք Գանդին, Չե Գեվարան, Սիմոն Բոլիվարը, Ֆրանկլին Ռուզվելտը՝ մարդիկ, որոնք զոհաբերել են իրենց մյուսների համար։ Այս մասին այսօր՝ ապրիլի 22-ին, Հայաստանի ամերիկյան համալսարանում ուսանողների հետ հանդիպմանն ասել է ռոք խմբի վոկալիստ Սերժ Թանկյանը։
Այնուամենայնիվ, ինքը՝ Թանկյանը, չէր ցանկանա զբաղվել քաղաքականությամբ։ Դասախոսներից մեկի հարցին, թե ինչու չի քաղաքականություն մտնում, Թանկյանը պատասխանել է. «Դա կնշանակեր, որ ստիպված եմ լինելու սուտ խոսել, կոռումպացված լինել եւ բանակցել»։
Ընդ որում, Սերժ Թանկյանի խոսքով, որքան էլ հայերը՝ որպես փոքր ազգ, ավելի շատ հակված են ինքնաքննադատության, պետք է հասկանան, որ Միացյալ Նահանգներում կոռուպցիան այնքան տարածված է, որքան Հայաստանում եւ Ռուսաստանում, պարզապես կոռուպցիան ԱՄՆ-ում տարբեր է։
«ԱՄՆ-ում կոռուպցիան լեգալիզացված է։ Եթե ուզում ես կաշառել մեկին, ապա խոշոր գումարներ ես տալիս լոբիստական որեւէ կազմակերպությանը, որն էլ օրինակ որեւէ կոնգրեսականի միջոցով Կոնգրեսում առաջ է մղում քո նախաձեռնությունը, ինչը նույնպես կոռուպցիա է»,- ասել է նա։
Անդրադառնալով իր երգերի քաղաքական ենթատեքստերին՝ Թանկյանն ասել է, որ իրեն նման երգեր գրել մղում է անարդարությունը, այդ թվում՝ Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականությունը, օրինակ, մերձավորարեւելյան հակամարտության հարցում, որտեղ ԱՄՆ-ն սատարում է պաղեստինյան բնակավայրերը ռմբակոծող Իսրայելին։
Հարցին, թե ինչն է իրեն թույլ տալիս հպարտանալ հայ լինելու համար, Թանկյանը պատասխանել է. «Ես հպարտություն բառը չէի օգտագործի։ Ես կասեի՝ ոչ թե հպարտ եմ, այլ ինձ համար պատիվ է հայ լինելը, որովհետեւ գիտեմ իմ արմատները, գիտեմ՝ որտեղից եմ գալիս, գիտեմ՝ ով է իմ ժողովուրդը, եւ դա ինձ երջանկացնում է»։
Հարցին, թե ինչպես են ծնողները ժամանակին ընդունել երաժշտությամբ զբաղվելու իր ընտրությունը, Թանկյանը պատասխանել է, որ այս հարցում իր բախտը բերել է. «Ժամանակին հայրս նույնպես ցանկացել է զբաղվել երաժշտությամբ, սակայն քանի որ ստիպված է եղել օգնել իր ծնողներին, չի կարողացել իրականացնել իր երազանքը։ Երբ ես որոշեցի զբաղվել երաժշտությամբ, սոցիալական խնդիրը նույնպես առկա էր եւ պետք է ընտրություն կատարեի, հայրս ասաց՝ թույլ չեմ տա, որ դու հրաժարվես այն երազանքից, որից ես ժամանակին հրաժարվեցի»։
Սերժ Թանկյանը Հայաստանում ապրող երիտասարդներին խորհուրդ է տվել կանգ չառնել ու հասնել իրենց երազանքներին։
(1).jpg)
(1).jpg)
(1).jpg)
Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի /NEWS.am




























