Թուրքիայի Բուրսա եւ Հաթայ նահանգներում թուրք ազգայնականների կողմից քրդերի դեմ իրականացրած գործողությունները բողոքի ալիք են բարձրացրել հարավարեւելյան քրդաբնակ նահանգներում:
Հաքքարի նահանգի Յուքսեքօվա եւ Շեմդինլի շրջկենտրոններում հուլիսի 28-ի երեկոյան սկսած բողոքի ակցիաները վերածվել են կատաղի բախումների` ոստիկանության եւ քուրդ բնակչության միջեւ:
Թուրքիայի հարավարեւելյան ամենամեծ քրդաբնակ Դիարբեքիր քաղաքում եւս լարված մթնոլորտ է: Այստեղ եւս ոստիկանության եւ բողոքի ելած քուրդ բնակչության միջեւ բախումներ են տեղի ունեցել:
Վանում եւս Բուրսայի եւ Հաթայի նահանգներում տեղի ունեցածի դեմ բողոքի գործողություններ են տեղի ունեցել, որտեղ հնչել են PKK-ի եւ Աբդուլահ Օջալանի օգտին կարգախոսեր:
Նշենք, որ օրեր առաջ Բուրսայի Ինեգյոլ ավանում թուրք ազգայնականները պահանջել էին քուրդ վարորդից այլեւս իրենց թաղամասով չանցնել եւ ծեծել էին նրան, որից հետո սկսել էին կատաղի բախումներ ազգայնականների եւ վարորդի կողմից կանչված քուրդ երիտասարդների միջեւ: Այս դեպքից հետո էլ Հաթայի նահանգում PKK-ի կողմից 4 թուրք ոստիկանի սպանությունից հետո թուրք ակտիվիստները հարձակվել են քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության գրասենյակի վրա եւ հրդեհել այն, ինչպես նաեւ քարկոծել քրդերին պատկանող տները, խանութները եւ մեքենաները:




























