2050 թվականին ԱՄՆ-ը լինելու է ներկայիս «առաջին աշխարհի» միակ երկիրը, որը տեղ կունենա երկրագնդի ամենաշատ բնակչություն ունեցող երկրների առաջին տասնյակում: Նման վստահություն են հայտնել Population Reference Bureau-ի հետազոտողները: Ըստ նրանց կանխատեսումների, ամենից արագ աճելու է Աֆրիկայի բնակչությունը: 2050 թվականին Աֆրիկայի բնակչությունը առնվազն կկրկնապատկվի եւ կհասնի 2,1 միլիարդի: Ասիայում արդեն հիմա ապրում է 4,2 միլիարդ մարդ, իսկ 2050-ին այդ թիվը կհասնի 5,5 միլիարդի: Դա հիմնականում կլինի բնակչության թվով ամենամեծը համարվող երկու երկրների` Հնդկաստանի ու Չինաստանի հաշվին: Հնդկաստանում ներկա 1,2 մլրդ բնակչությունը 2050-ին կդառնա 1,7 մլրդ, իսկ Չինաստանում` 1,3 միլիարդը կդառնա 1,4 մլրդ:

Ռուսաստանի բնակչությունը կրճատվում է աղետալի տեմպերով: Հետազոտության համաձայն՝ 2009-ին ՌԴ բնակչությունը 142 միլիոն էր, իսկ 2050 թվականին դա կնվազի՝ հասնելով 117միլիոնի:

Մասնագետների խոսքով, եթե հիմա երկրագնդի բնակչությունը 6,8 մլրդ է, ապա 2025-ին այն կհասնի 8,1 մլրդ-ի, իսկ 2050-ին` 9,4 մլրդ-ի:
Ինչ վերաբերում է Եվրոպային, ապա հիմա այդտեղ ապրում է 738 մլն մարդ, իսկ 2050 թվականին այդ թիվը կնվազի 702 միլիոնի:

ԱՄՆ-ում ներկայումս բնակվում է 310 մլն մարդ, իսկ 2050 թվականին այն կարող է հասնել 399 միլիոնի, կամ նույնիսկ 423 միլիոնի` կախված ներգաղթի տեմպերից:

Ներկայումս առաջին տասնյակում են Չինաստանը, Հնդկաստանը, ԱՄՆ-ը, Ինդոնեզիան (235 մլն), Բրազիլիան (193 մլն), Պակիստանը (185 մլն), Բանգլադեշը (164 մլն), Ռուսաստանը (142 մլն) եւ Ճապոնիան (127 մլն):

Ամերիկյան փորձագետները կարծում են, որ նույն երկրները կլինեն առաջին տասնյակում նաեւ 2050 թվականին, սակայն վերջին երկու տեղում կհայտնվեն Եթովպիան եւ Կոնգոն: Հաղորդում է NEWSru.com-ը: