С-300 զենիթահրթիռային համակարգերի մատակարարումն Իրանին մոտ ժամանակների հարց չէ: Այդ մասին լրագրողներին հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Րյաբկովը:
«Ես չեմ կարծում, որ այդ հարցը մոտ ժամանակների հարց է: Առավել կարեւոր է, որ ընդունվել է նման հնարավորություն ընձեռող իրավական ու քաղաքական որոշում», - հայտարարել է Րյաբկովը:
Նա ընդգծել է, որ իրավիճակը փոխվել է ՌԴ նախագահի որոշումից հետո, որը ապրիլի 13-ին չեղարկել է С-300 զենիթահրթիռային համակարգի՝ Իրանին մատակարարման արգելքը:
Ռուսաստանը ապրիլի 24-ին ԻԻՀ–ի եւ «վեցնյակի» քաղաքական տնօրենների մակարդակում Վիեննայում կայանալիք բանակցությունների ժամանակ կպահանջի զենքի էմբարգոյի չեղարկում, հայտարարել է Սերգեյ Րյաբկովը:
2007թ. կնքված պայմանագրով Մոսկվան պարտավորվում էր Թեհրանին մատակարարել ազդեցության միջին շառավով С-300 ՊՄՈՒ-1 զենիթահրթիռային համակարգի 5 դիվիզիոն՝ 800 մլն դոլար ընդհանուր չափով: Իրանական կողմը վճարել էր 166,8 մլն դոլարի կանխավճար: Սակայն 2010թ. կեսերին համալիրները չմատակարարվեցին: 2010թ. սեպտեմբերին ՌԴ-ի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը միջազգային պատժամիջոցների պատճառով արգելեց զենիթահրթիռային համակարգերի մատակարարումը: Պայմանագիրը չեղարկվեց, իսկ վճարված կանխավճարը վերադարձվեց Իրանին:





























