Հայաստանը պետք է դուրս գա ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացից եւ ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Այս մասին հուլիսի 29-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է «Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի ղեկավար Ահարոն Ադիբեկյանը:

«Բանակցային գործընթացը պետք է շարունակվի Ղարաբաղի եւ Ադրբեջանի միջեւ, իսկ Հայաստանն ու միջազգային հանրությունը պետք է ընդունեն այն որոշումը, որին բանակցությունների արդյունքում կգան Ղարաբաղն ու Ադրբեջանը»,- ասաց նա:

Ադիբեկյանի խոսքով, այսպիսով Հայաստանը կազատվի «օկուպանտ» կամ «ագրեսոր» համարվելու մեղադրանքներից: Հայաստանը պետք է հանդես գա միայն որպես Ղարաբաղի անվտանգության երաշխավոր, ինչը կկանխի Ադրբեջանի հնարավոր ձգտումները` ԼՂ խնդիրը լուծել ռազմական ճանապարհով: «Հակամարտության այդպիսի լուծումը ընդունելի է ԼՂՀ բնակչության 90 տոկոսի համար»,- ասաց սոցիոլոգը՝ հավելելով, որ ԼՂՀ-ն վախենում է ոչ թե Ադրբեջանից, կամ ինչ-որ արտաքին ուժերից, այլ Հայաստանից, որը կարող է մենակ թողնել Ղարաբաղին՝ իր խնդիրներով: