Հուլիսի 29-ին Գյումրիում Պատվի Բլուր զինվորական գերեզմանատան բարեկարգման աշխատանքներին են ծանոթացել Հայաստանում Ռուսաստանի դեսպանության խորհրդական-դեսպանորդ Սերգեյ Օվերչենկոն եւ ռազմական կցորդ Եվգենի Վասիլեւը:
Պատվո Բլրի բարեկարգման հարցերով հանձնաժողովի նախագահ, բարեկարգումն իրականացնող «Պատվի գործ» հայ-ռուսական բարեգործական կազմակերպության համանախագահ Անդրանիկ Նիկողոսյանը Օվերչենկոյին եւ Վասիլեւին է ներկայացրել կատարած աշխատանքները: Հյուրերն, իրենց հերթին, բարձր են գնահատել դրանք: Ա. Նիկողոսյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է, որ Հայաստանը ռուսական հուշարձաններն ու սրբատեղիները վերականգնող միակ երկիրն է տարածաշրջանում:
Ինչպես ավելի վաղ նշել էր NEWS.am-ը, Գյումրիում վերականգնվում է Պատվի Բլուր կոչվող` 1853-56թթ. եւ 1877-78թթ. ռուս-թուրքական պատերազմներում զոհված ռուսական բանակի սպաների եւ զինվորական բժիշկների գերեզմանատունը, որի տեղում անցած դարի 50-ական թվականներին կառուցվել էր մանկական առողջարան:
Հայաստանում Ռուսաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Վյաչեսլավ Կովալենկոյի նախաձեռնությամբ, Հայաստանի Շիրակի մարզպետի եւ Ռուսաստանի Ուլյանովսկի նահանգապետի համագործակցության արդյունքում, ՀՀ եւ ՌԴ իշխանությունների աջակցությամբ, 2009թ. դեկտեմբեր ամսից սկսվել էին քանդման, վերակառուցման ու բարեկարգման աշխատանքները, որոնք ամբողջությամբ իրականացնում է հատուկ այդ նպատակով ստեղծված «Պատվի գործ» ռուս-հայկական բարեգործական կազմակերպությունը:
Պատվո Բլրի բարեկարգման աշխատանքները մոտենում են ավարտին: Հանդիսավոր բացումը տեղի կունենա օգոստոսի կեսերին:




























