Միանգամայն դատապարտելի է Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենքի մատակարարումը՝ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը: «Զենքի մատակարարումը մի երկրի, որի ղեկավարությունն անընդհատ հանդես է գալիս սպառնալիքներով՝ ուղղված ՀԱՊԿ անդամ հանդիսացող երկրի հասցեին, չի կարող մտահոգություն չառաջացնել Հայաստանում, նամանավանդ՝ ՀԱՊԿ անդամ հանդիսացող մեկ այլ պետության՝ ՌԴ-ի կողմից զենքի մատակարարումը»,-նշեց քաղաքագետը: Նրա խոսքով՝ փաստ է, որ առ այսօր Ադրբեջանի զինանոցում ամենազորեղ զենքերը ռուսական արտադրության զենքերն են՝ «Սմերչ» համակարգը, որը տեղակայված է Նախիջեւանում:
«Ճիշտ է, դա Ադրբեջանը ձեռք է բերել Ուկրաինայից՝ նախկին նախագահ Յուշչենկոյի պաշտոնավարման ժամանակաշրջանում: Բայց ինչ վերաբերում է այն «Ուրագան» համակարգին, որը տեղադրված է անմիջապես Աղդամի ուղղությամբ եւ անմիջական սպառնալիք է Ստեփանակերտին, ապա դրա հայտնվելու աղբյուրը ամենեւին էլ Յուշչենկոն չէ»,-նկատեց Հովհաննիսյանը: Նա եզրակացրեց, որ տեղի ունեցածը Հայաստանի իշխանությունների կողմից տարիներ շարունակ վարվող «ջայլամային քաղաքականության», նախկինում տեղի ունեցած նման գործարքների փաստին չարձագանքելու հետեւանք է:
«Չարձագանքելով նման փաստերին՝ ստացվեց մի իրավիճակ, որ նման կարգի գործարքները ավելի հաճախակի դարձան»,-նկատեց քաղաքագետը: Ըստ նրա՝ վաղուց արդեն անհրաժեշտ է, որպեսզի Հայաստանի ղեկավարությունը ՀԱՊԿ շրջանակներում, եւ ինչու ոչ՝ նաեւ Անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը անվտանգության քարտուղարների խորհրդակցությունների ձեւաչափով՝ այդ հարցերը ամենայն լրջությամբ բարձրացնեն Ռուսաստանի ղեկավարության առջեւ: «Քանզի, եթե դու նման քայլերի դեպքում լռում ես, այդ քայլերը զարգացում են ունենում եւ ընթացքում կբերեն զենքերի այնպիսի մեծածավալ մատակարարումների, որոնք կփոխեն ռազմաքաղաքական հաշվեկշիռը՝ հօգուտ Ադրբեջանի: Եւ այսօր մենք այդ միտումը տեսնում ենք»,-նկատեց փորձագետը: Նա նշեց նաեւ, որ օբյեկտիվորեն Ռուսաստանը զենք է մատակարարում նաեւ Հայաստանին, սակայն վերջին երկու-երեք տարիների ընթացքում, անգամ համապատասխան վճարումներ կատարելուց հետո, Ռուսաստանը Հայաստանին անհրաժեշտ քանակությամբ զենք չէր մատակարարում եւ դրանք միայն վերջերս տեղ հասան:
«Այսինքն, մի կողմից՝ Ռուսաստանը ուշացնում է Հայաստանին մատակարարվող զենքերը, մյուս կողմից՝ զենք է մատակարարում Ադրբեջանին: Սրա բուն պատճառն այն է, որ Հայաստանի ղեկավարությունը չի արձագանքում ՌԴ ղեկավարության կողմից արվող այն քաղաքական հայտարարություններին, թե ՌԴ-ի եւ Ադրբեջանի միջեւ առկա է ռազմավարական հարաբերությունների մակարդակ»,-նշեց Հովհաննիսյանը: Հայաստանի իշխանությունն, ըստ նրա, ՌԴ ղեկավարութան առջեւ պետք է բարձրացնի հետեւյալ հարցը. «Եթե Ադրբեջանի եւ ՌԴ-ի միջեւ կա ռազմավարական համգործակցություն, ապա ինչո՞ւ Ադրբեջանը չի ձգտում ՀԱՊԿ եւ չի անդամակցում ՀԱՊԿ-ին: Եւ մյուս կողմից՝ եթե Հայաստանը անդամակցում է ՀԱՊԿ-ին, ինչո՞ւ է ՌԴ-ն իրեն թույլ տալիս հայտարարություններ անել այն մասին, որ իր եւ Ադրբեջանի միջեւ ռազմավարական համագործակցություն կա: Որովհետեւ երկու երնեկ մի տեղ չի լինում: Հնարավոր չէ ռազմավարական հարաբերություններ զարգացնել ե’ւ Հայաստանի, ե’ւ Ադրբեջանի միջեւ այն պայմաններում, երբ Ադրբեջանի ղեկավարությունը մշտապես ամենահոռի սպառնալիքներով է հանդես գալիս Հայաստանի հասցեին, եւ այսօր փաստացիորեն սկսել է ռազմական գործողություններ Հայաստանի դեմ»: Ըստ Հովհաննիսյանի՝ հունիսի 17-18-ը տեղի ունեցած միջադեպը վկայում է, որ Ադրբեջանը ռազմական գործողություններ է սկսել Հայաստանի դեմ: «Այսօր այդ գործողություններն ընթացքի մեջ են: Ռազմական գործողությունները զինադադարի խախտումներն էլ են, այլ ոչ թե պարտադիր միայն լայնածավալ պատերազմը»,-նկատեց քաղաքագետը:
Հիշեցնենք, որ Ռուսաստանն առաջիկայում երկու դիվիզիոն զենիթահրթիռային (ЗРК) С-300 ՄՊՈՒ-2 «Ֆավորիտ» համալիր կմատակարարի Ադրբեջանին:




























