Լեռնային Ղարաբաղի իշխանությունների պատվերով պատրաստված «Արցախֆոն» բջջային հեռախոսի  նախատիպը գրեթե պատրաստ է։  Այս մասին «Պատրաստված է Հայաստանում» ցուցահանդեսի ժամանակ NEWS.am-ի թղթակցին հայտնեց  Technology and Science Dynamics ընկերության նախագահ Վահան Շաքարյանը։ Երեւանում՝ «Մերիդիան» էքսպո-կենտրոնում ապրիլի 26-28-ը ընթացող ցուցահանդեսի կազմակերպիչն է ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը։ Ենթադրաբար հեռախոսը կգործարկեն հայկական «Ոստան» օպերացիոն համակարգով։

Technology and Science Dynamics-ը Ղարաբաղի իշխանություններին արդեն ներկայացրել է հեռախոսի բնութագրիչները եւ նախահաշվի առաջարկը։

«Հեռախոսի նախատիպն արդեն կա, մենք այն ուղարկել ենք Ղարաբաղ։ Մարքեթինգի հարցերը՝ թե որքան է այն արժենալու, կհայտնվի խանութներում, թե կբաժանվի պետական ծրագրով, կորոշի ղարաբաղյան կողմը»,- ասաց Շաքարյանը՝ հավելելով, որ ինքը հույս ունի 1-2 շաբաթից իրականացնել պատվերը։

«Երբ համաձայնությունը լինի, մնացած տեխնիկական հարցերը մենք կմշակենք շատ արագ կերպով»,- հայտարարեց նա։

Technology and Science Dynamics-ը անհատական պատվերներով մշակում է պլանշետների եւ բջջային հեռախոսների մոդելներ եւ դրանց համար օպերացիոն համակարգեր։