Beeline-ը եւ Մանկական զարգացման հիմնադրամը հայտարարում են «0-8000-1007» վստահության հեռախոսագծի գործարկման մասին։ «0-8000-1007» կարճ հեռախոսահամարին կարող են զանգահարել բոլոր նրանք, ովքեր ունեն երեխաներին առնչվող հարցեր, խորհրդատվության կամ մասնագիտական աջակցության կարիք։
Նախաձեռնությունը նպատակ ունի նաեւ արագ տեղեկատվություն տրամադրելու եւ արձագանքելու միջոցով խթանել երեխաների իրավունքների պաշտպանության գործընթացը: Օգնության կարիք ունեցող անձիք կարող են տեղեկատվություն ստանալ դաշտում առկա երեխայի պաշտպանության ծառայությունների վերաբերյալ մասնագիտական խորհրդատվության միջոցով։
«Beeline»-ի սոցիալական պատասխանատվության հիմնական նպատակն է տրամադրել այնպիսի թվային եւ տեխնոլոգիական լուծումներ, որոնք կօգնեն փոխել մարդկանց կյանքը դեպի ավելի լավը, ինչպես նաեւ մարդկանց ուշադրությունը հրավիրել հասարակությունում առկա սոցիալական խնդիրների եւ դրանց լուծումների վրա: Համոզված եմ, որ այս նախաձեռնության շնորհիվ թե´ երեխաները, եւ թե´ ծնողները կստանան ոչ միայն իրենց հուզող հարցերի պատասխանները, այլ նաեւ համապատասխան ցուցումներ եւ խորհրդատվություն», - նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
«Մանկական զարգացման հիմնադրամը շարունակում է իր յուրօրինակ համագործակցությունը Beeline-ի հետ: Մեր աշխատանքում շատ կարեւոր է խոցելի ընտանիքներին ճշգրիտ տեղեկատվություն տրամադրել գործող ծառայությունների, իրավական ակտերի, օրենքների վերաբերյալ տեղեկացվածության մակարդակը բարձրացնելու նպատակով: Այս նպատակով 0-8000-1007 վստահության հեռախոսահամարը կապահովի երեխաների պաշտպանության բազմաթիվ խնդիրների վերաբերյալ տեղեկատվության ստացումը, ինչպես նաեւ ՄԶՀ եւ այլ գործող ծառայությունների առավել հասանելիության ապահովումը հանրությանը, խոցելի ընտանիքներին եւ երեխաներին», - ասաց Մանկական զարգացման հիմնադրամի տնօրեն Լուսինե Սիմոնյանը։
Նշենք, որ «0-8000-1007» վստահության հեռախոսահամարին կարող են զանգահարել աշխատանքային օրերին ժամը 9։00-ից մինչեւ ժամը 17։30-ը։ Beeline-ի ֆիքսված կապի բաժանորդները կարող են անվճար զանգահարել վստահության հեռախոսահամարին։
Վստահության հեռախոսագիծը տրամադրվել է GSMA գլոբալ նախաձեռնության շրջանակում, որն ուղղված է երեխաների պաշտպանության համար հեռախոսագծերի տրամադրմանն աջակցելուն։ «ՎիմպելԿոմ» ընկերությունների խումբը ծրագրին միացել է 2014 թ. նոյեմբերի 20-ին, երբ ամբողջ աշխարհում նշվում էր ՄԱԿ-ի Երեխաների իրավունքների պաշտպանության Կոնվենցիայի 25-ամյակը։





























