Microsoft ընկերությունը հայտարարել է, որ սկսում է ծրագրային ապահովման թողարկումը, որը թույլ կտա Android-ի եւ iOS-ի հանրահայտ հավելվածներն օգտագործել Windows-ի բջջային սարքավորումներում:

Խոսքն ամբողջական համատեղելիության մասին չէ: Հավելվածներն օգտագործելու են գոյություն ունեցող կոդը, սակայն աշխատելու են պաշտպանված կոնտեյներում: BBC-ի ռուսական ծառայության փոխանցմամբ, Microsoft-ը կարծում է, որ դա կնպաստի Windows Store-ում ավելի մեծ թվով հանրահայտ հավելվածների ի հայտ գալուն:

Apple-ի հավելվածներն օգտագործելու համար անհրաժեշտ կլինի «10% փոփոխություններ» մտցնել: Android-ի բազմաթիվ հավելվածներ հնարավոր կլինի թողարկել Windows 10 սմարթֆոնում՝ առանց որեւէ փոփոխության: Մասնավորապես, արդեն գործում է Choice Hotels Android հավելվածը:

Որոշ վերլուծաբանների կարծիքով, այդ քայլն «անթերի որոշում չէ» Microsoft-ի համար, որը փորձում է օգտատերերի ուշադրությունը հրավիրել իր բջջային սարքավորումների ուղղությամբ: