Հայաստանը համակարգային փոփոխությունների կարիք ունի, իսկ անհատների փոփոխությունից համակարգը չի փոխվում` հուլիսի 30-ին «Սարդարապատ» շարժման պետաիրավական հանձնաժողովի նիստի ժամանակ հայտարարեց «Սարդարապատ» շարժման ներկայացուցիչ Ալբերտ Բաղդասարյանը: «Ժամանակին Դաշնակցությունն էր պայքարում Լեւոն Տեր–Պետրոսյանի ստեղծած ռեժիմի դեմ, անցավ իշխանության, նույն քայլերը կրկնեց, ինչ անում էր Լեւոն Տեր-Պետրոսյանն այն ժամանակ։ Վազգեն Մանուկյանն այսօր Հանրային խորհրդում է եւ չի ընդվզում նույն իրավիճակի դեմ, ինչը որ կար առաջ ու հիմա ավելի վատ շարունակվում է։ Դա նշանակում է, որ անհատների դերը, ովքեր գալիս են իշխանության, բայց այս համակարգի մեջ են, այս համակարգը չեն փոխում։ Ուղղակի երանգներ են փոխում, բայց ըստ էության Հայաստանի զարգացումն ու կառավարման համակարգը մնում է նույնը՝ համատարած կոռուպցիա, համատարած անարդարություն»,-հայտարարեց «Սարդարապատ»-ի անդամը: 

Նա նաեւ անդրադարձավ Հայ ազգային կոնգրեսի կողմից ներկայացված եւ ներկայացվելիք ծրագրերին՝ «100 քայլ», «Առողջության պահպանման քաղաքականություն»՝ նշելով, որ կարող են տասնյակ այդպիսի ծրագրեր ներկայացնել, սակայն գործող վարչակարգը, միեւնույնն է, դա չի իրագործելու: «Գործող վարչակարգը ի վիճակի չէ իրագործել այն ծրագրերը, որոնք բխում են ժողովրդի շահերից»,-նշեց Բաղդասարյանը: