Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնությունը չպետք է ապակայունացնի տարածաշրջանում իրավիճակը։ Այս մասին ասված է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի եւ Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման իբն Աբդել Ազիզ ալ Սաուդի հանդիպման ավարտին արված հայտարարության  մեջ։

«Այդ համաձայնությունը չպիտի ապակայունացնի իրավիճակն ու սպառնա տարածաշրջանում անվտանգությանը, ինչպես նաեւ չպետք է սպառնալիք դառնա Իրանի հարեւան երկրների համար»,- ասված է հայտարարության մեջ։

Ֆրանսիան եւ Սաուդյան Արաբիան հաստատել են Իրանի հետ ամուր, երկարաժամկետ, օբյեկտիվ եւ անվիճելի համաձայնագրի ձեռք բերման անհրաժեշտությունը, մեջբերում է Reuters-ը այդ հայտարարությունը։

Օլանդը ժամանել էր Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիյադ, որպեսզի մայիսի 5-ին պատվավոր հյուրի կարգավիճակով մասնակցի Պարսից ծոցի արաբական երկրների համագործակցության խորհրդի անդամ պետությունների գագաթնաժողովին, որի հիմնական թեմաներն են լինելու Իրանի միջուկային ծրագիրը, Եմենում եւ Սիրիայում տիրող իրավիճակը եւ ԻՊ գրոհայիններին դիմակայելու միջոցների քննարկումը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։