Ռուսաստանի ջավախահայությունը բողոքում է Վրաստանի ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Նալբանդովի հայտարարությունների հետ կապված, ով նշել է, որ վիրահայոց կողմից «վիճելի» եկեղեցիները հայերին վերադարձնելու պահանջը համարել է հիմքից զուրկ, քանի որ «պատմաբանները պարզել են, որ դրանք վրացական են»:
«Ռուսաստանի ջավախահայությունը կարծում է, որ Նալբանդովը հատուկ ծառայությունների գործակալ է եւ վրաց ժողովրդի վտանգավոր թշնամի: Նա Ռուսաստանի հասցեին կեղտոտ արտահայտություններ անելու համար նշանակված հատուկ դրածո է, ով լարում է ազգամիջյանի վճակը եւ հայերին Վրաստանից քշելու պատվեր է կատարում»,- ասված է NEWS.am-ին ուղարկված ջավախահայերի հայտարարության մեջ:
«Մենք` Ռուսաստանի ջավախահայերս, Ալեքսանդր Նալբանդովին հայտարարում ենք հայ ազգի թշնամի եւ կոչ ենք անում աշխարհի հայերին տարածել այս տեղեկությունը, որպեսզի բոլորն իմանան մեր ազգի ծպտված թշնամու մասին: Մենք կոչ ենք անում աշխարհի բոլոր հայերին, այսուհետ իրենց տուն չթողնել այդ քաղաքացուն եւ խուսափել նրա հետ որեւէ շփումից, իսկ հայ պատմաբաններին խնդրում ենք նրա անունը մտցնել բոլոր պատմական աղբյուրների մեջ, որպեսզի մեր սերունդներն իմանան եւ անիծեն նրա տոհմը` որպես թշնամու»,- ասված է հայտարարությունում:




























