Նոր արձանագրությունը, որով փոփոխություն է մտցվում ռուսական ռազմաբազաները Հայաստանում տեղակայելու մասին պայմանագրում, բացասական բնույթ ունի: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը: Նրա խոսքով, կտրուկ փոփոխվող քաղաքական իրողությունների պայմաններում նման համաձայնագիրը որեւէ լավ բանի չի բերի:

«Որքան էլ որ կարեւոր լինեն հայ-ռուսական հարաբերությունները, դրանք կրում են նաեւ զսպող բնույթ, ինչը բերում է երկրի տնտեսական ու քաղաքական զարգացման սահմանափակումների»,-նշեց փորձագետը, հավելելով, որ պարզ չէ, թե ինչի կհանգեցնեն անհասկանալի ներքաղաքական զարգացումները Ռուսաստանում: Նրա ներկայացմամբ, այդ համաձայնագրի ստորագրման փաստն ինքնին` նման երկար ժամկետով (49 տարի) սխալ որոշում է: «Ռուսաստանը շատ բան ունի, իսկ Հայաստանը ոչինչ չունի, միայն մարդկային ռեսուրս ունի, ուստի ժողովրդավարությունը մեզ համար կենսական անհրաժեշտություն է, իսկ դրա համար երկիրը պետք է զարգանա»ընդգծեց Մեհրաբյանը:

Հիշեցնենք, որ Ռուսաստանն ու Հայաստանը արձանագրություն են ստորագրելու, որով փոփոխություններ կմտցնեն Հայաստանում ռուսական ռազմաբազաների վերաբերյալ պայմանագրում: Այդ արձանագրության նախագծում նշվում է. «Հայաստանի տարածքում ռուսական ռազմաբազան, բացի Ռուսաստանի շահերը պաշտպանելու գործառույթ իրականացնելուց, ՀՀ զինված ուժերի հետ համատեղ ապահովում է այդ հանրապետության անվտանգությունը»: Այդ նպատակներին հասնելու համար Ռուսաստանը «աջակցում է Հայաստանը ժամանակակից եւ համատեղելի զինատեսակներով, ռազմական (հատուկ) տեխնիկայով ապահովելու գործում»: Բացի այդ, նախագծում գրված է հետեւյալը. «Պայմանագիրը գործում է 49 տարի եւ ավտոմատ կերպով երկարաձգվում է հաջորդ հինգամյա ժամանակաշրջանների համար, եթե կողմերից ոչ մեկը հերթական ժամկետը լրանալուց  ոչ պակաս, քան 6 ամիս առաջ գրավոր կերպով չի տեղեկացնում պայմանագիրը դադարեցնելու իր մտադրության մասին»:


Անդրադառնալով տեղեկատվությանը, որ Ռուսաստանը պատրաստվում է 2 դիվիզիոն C-300 զենիթահրթիռային համալիր վաճառել Ադրբեջանին, Մեհրաբյանը վստահություն հայտնեց, որ այդ տեղեկությունը համապատասխանում է իրականությանը եւ ՌԴ այդ քայլը չի հակասում նոր արձանագրության ստորագրմանը: «Նախ, ելնելով ռուս փորձագետների հայտարարություններից Ադրբեջանին զենք վաճառելու նպատակահարմարության վերաբերյալ, երկրորդ. հաշվի առնելով NEWS.am-ի ձեռք բերած տեղեկությունները, ինչպես նաեւ այլ գործոններ, ես հակված եմ չհավատալ ռուսական «Ռոսօբորոնէքսպորտի» պաշտոնական հայտարարությանը, թե նման գործարք չի եղել»,-ասաց նա: