ԱԺ նախկին պատգամավոր Գոհար Ենոքյանը քիչ առաջ ազատ արձակվեց։ Էրեբունիի՝ ձերբակալվածների պահման հատուկ վայրի մոտ Գոհար Ենոքյանը լրագրողներին ասաց, որ չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը։ (ֆոտոռեպորտաժ)
«Ես բացարձակապես չեմ ընդունում ինձ առաջադրված մեղադրանքը։ Ժամանակը կգա, ամեն ինչ կպարզվի։ Վերեւն Աստված կա, անմեղ մարդուն ինչքան էլ ուզեն ստորացնել, չի ստորանա»,- ասաց Գոհար Ենոքյանը՝ շնորհակալություն հայտնելով նրանց, ովքեր չեն կասկածել իր անմեղությանը։
Գոհար Ենոքյանը նշեց, որ իր կարծիքով՝ իր դեմ ամեն ինչ արվում է «հիմնարկն» իր ձեռքից խլելու համար։
Գոհար Ենոքյանը նաեւ առողջություն մաղթեց Կարո Կարապետյանին։
Նշենք, որ Գոհար Ենոքյանին ՁՊՎ–ի մոտ ծաղիկներով դիմավորեցին նրա ընկերները, հարազատները։ ՁՊՎ շենքից նա դուրս եկավ պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանի եւ Էլինար Վարդանյանի ուղեկցությամբ։
Նշենք, որ այսօր լրանում էր Գոհար Ենոքյանի ձերբակալության 72 ժամը: ՀՀ գլխավոր դատախազին էին դիմել ԱԺ մի խումբ պատգամավորներ՝ միջնորդելով Գոհար Ենոքյանին ազատել արգելանքից՝ ելնելով ձերբակալվածի տարիքից եւ առողջական վատ վիճակից (հիպերտոնիա): Գոհար Ենոքյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին:
Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել էր, որ Գոհար Ենոքյանը ձերբակալվել էր 2015 թվականի մայիսի 4-ին՝ 10.06.2014թ ՀՀ ոստիկանության ՔԳՎ ՀԿԳ քննության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 35-104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում:
Քրեական գործի նախաքննության ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Գոհար Ենոքյանը Արայիկ Ենոքյանի հետ, շահադիտական դրդումներով, Խաժակ Բադալյանի միջոցով նախկին ԲՀԿ-ական պատգամավոր Կարո Կարապետյանից (Յուվեցի Կարո) վերցրած գումարները հափշտակելու եւ չվերադարձնելու նպատակով, կատարել են ապօրինաբար Կարո Կարապետյանին դիտավորությամբ կյանքից զրկելու` սպանության նախապատրաստությանն ուղղված գործողություներ, սակայն Արայիկ Ենոքյանը 2012 թվականի մարտի 15-ին խարդախությամբ առանձնապես խոշոր չափի գումար հափշտակելու կասկածանքով ձերբակալվել է, եւ նրանց նախապատրաստած հանցագործությունն ավարտին չի հասցվել` իրենց կամքից անկախ հանգամանքներով: ՀՀ գլխավոր դատախազի որոշմամբ 2015 թվականի ապրիլի 3-ին քրեական գործն ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ նախաքննությունը շարունակելու նպատակով:












