Այսօր` հուլիսի 31-ի երեկոյան Յուրմալա քաղաքում տեղի կունենա «Նովայա Վոլնա-2010» երիտասարդ կատարողների միջազգային մրցույթի եզրափակիչ փուլը: Նախորդ երկու փուլերի արդյունքում, Հայաստանը ներկայացնող Սոնա Շահգելդյանը վաստակել է 189 միավոր եւ գտնվում է 3-րդ տեղում: Նույնքան միավոր է վաստակել նաեւ Իսրայելը ներկայացուցիչը, ով 4-րդ տեղում է: Առաջին տեղն առայժմ զբաղեցնում է ուկրաինացի երգչուհի Տատյանա Շիրկոն` 191 միավորով, իսկ երկրորդ տեղում էստոնացի Յուկո Սուվիստն է` 190 միավորով:
Մրցույթի առաջին օրը մասնակիցները համաշխարհային հայտնի երգեր են կատարել, երկրորդ օրը մայրենի լեզվով երգեր, իսկ այսօր նրանք պետք է ներկայացնեն հատուկ մրցույթի համար գրված ու մինչ այդ երբեք չկատարած երգեր: Սոնա Շահգելդյանն ելույթ է ունենալու 9-րդ համարի ներքո:
«Նովայա վոլնա-2010»-ին մասնակցում են 17 կատարողներ 12 երկրներից: Մասնավորապես, Ռուսաստանից (3 հոգի), Ուկրաինայից (3 հոգի), Լատվիայից (2 հոգի), Բելոռուսից, Էստոնիայից, Հայաստանից, Ադրբեջանից, Ղազախստանից, Բուլղարիայից, Բրազիլիայից, Իսրայելից եւ Ֆինլանդիայից:




























