Մայիսի 8-ի առավոտյան, Վաշինգթոնում շարունակելով իր հանդիպումները՝ պետական, համայնքային ու կրոնական ներկայացուցիչների հետ, Մեծ Տանն Կիլիկո կաթողիկոս Արամ Ա-ն ընդունել է «Պաշտպանություն Քրիստոնեության» ամերիկյան համախմբման նախագահ Թուֆիք Բաաքլինին եւ ավագ խորհրդական Էնդրյու Թորանին:
Նորին Սրբությունն իր բարձր գնահատանքն է հայտնել՝ Միջին Արեւելքում քրիստոնեական համայնքների գծով հիշյալ համախմբման կատարած աշխատանքներին, ինչպես նաեւ վերջերս հայ ժողովրդի պահանջատիրության գծով նրա կատարած զորակցական հայտարարությանը: Հանդիպումը առիթ եղավ ընդհանուր արժեւորման ենթարկել Միջին Արեւելքի կացությունը եւ հատկապես վերջին շրջանի զարգացումները:
Նշենք, որ հուլիսի կեսերին, Լիբանանում միջազգային համագումար է կազմակերպվելու՝ նվիրված Միջին Արեւելքի քրիստոնյա համայնքներին զորակցությանը:
Վեհափառ Հայրապետը հաջորդաբար ընդունել է ԱՄՆ Արեւմտյան ու Արեւելյան թեմերի Ազգային Իշխանության ներկայացուցիչներին, Առաջնորդ Սրբազանների ներկայությամբ:
Արամ Ա. Վեհափառ Հայրապետին նաեւ այցելել էՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանը եւ Վաշինգթոնի Հայ Դատի գրասենյակի պատասխանատուները:
Նորին Սրբությունը նաեւ մոտիկից հետեւում է Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության Սիսի պատմական Կաթողիկոսարանի վերադարձի գծով Թուրքիայի Սահմանադրական դատարանում բացած դատին ու դրա արձագանգներին: Նշենք, որ ծրագրվում է առաջիկայում այդ դատին մասին մամուլի ասուլիսներ կազմակերպել, առաջին հերթին Ստամբուլում եւ Ժնեւում, ապա, կարեւոր այլ մայրաքաղաքներում:





























