Վիեննայի խումբը մինչ օրս չի պատասխանել Իրանի հայտարարությանը, ըստ որի՝ այդ երկիրը պատրաստ է առանց նախապայմանների միջուկային վառելիքի փոխանակման շուրջ բանակցությունների: Այս մասին հայտարարել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունում (ԱԷՄԳ) Իրանի դեսպան Ալի Ասգար Սոլթանիեն:

«Իրանը հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների ԱԷՄԳ -ի ղեկավար Յուկիո Ամանոյի հետ հանդիպման ժամանակ»,- ըստ Press TV-ի՝ ասել է Սոլթանիեն: Նա ընդգծել է, որ բանակցությունները եւս մեկ հնարավորություն են Վիեննայի խմբի (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա եւ ԱԷՄԳ) համար` ցուցադրելու իր բարի կամքը եւ քաղաքական վճռականությունը ԱԷՄԳ աշխատակարգով առաջ շարժվելու համար:

Պատժամիջոցները ոչ մի կապ չունեն Իրանի խաղաղ միջուկային գործունեության հետ եւ միայն վնաս են տալիս ԱԷՄԳ շրջանակներում համագործակցությանը»,- ասել է դիվանագետն ու հավելել, որ բանակցությունները հնարավորություն են Վիեննայի խմբի համար` հրաժարվել հակամարտող քաղաքականությունից ու պատժամիջոցներից եւ վերադառնալ «համագործակցության ուղի»: