Ձերբակալվել է Կիեւի «4 room» կահույքի կենտրոնի համասեփականատեր, գործարար Շաբաբ Ալոյանի սպանության հնարավոր պատվիրատուն:
Ուկրաինայի ՆԳՆ հետաքննչական դեպարտամենտի պետ Վալերի Լիտվինը, մասնավորապես, հայտարարել է, որ սպանված բիզնեսմենի կնոջ հորեղբոր տղա Մերաբ Սուսլովին գտնելու եւ ձերբակալելու օպերացիան տեւել է մի քանի ամիս:
«Ռուսաստան է մեկնել մեր օպերատիվ խումբը, որը գործել է ռուս գործընկերների հետ: Սպանությունը կազմակերպելու մեջ կասկածվողի գտնվելու վայրը շատ արագ են բացահայտել. հետեւել են նրա ամեն քայլին, բայց ձերբակալել մինչեւ վերջին պահը հնարավոր չի եղել: Պաշտոնապես նա ՌԴ քաղաքացի է, իսկ այդ երկրի օրենսդրությամբ, ՌԴ-ն չի կարող Ուկրաինային տալ սպանության մեջ կասկածվող իր քաղաքացուն: Հետո, պարզվել է, որ ՌԴ քաղաքացիությունը Մերաբն ստացել է անօրինական ճանապարհով, եւ այդ ամբողջ ժամանակ մենք սպասում էինք, թե երբ դատարանը նրան կզրկի քաղաքացիությունից: Հենց դա տեղի ունեցավ, նրան ձերբակալեցինք Կազանում, որտեղ նա թաքնվում էր վերջին ժամանակներս»,- պատմել է Վալերի Լիտվինը:
Իր հերթին, Ուկրաինայի ՆԳ նախարարի գլխավոր խորհրդական Կոնստանտին Ստոգնին հայտարարել է, որ կասկածյալին Ուկրաինա կտեղափոխեն 30-40 օրվա ընթացքում:
Հիշեցնենք, որ Ալոյանը սպանվել էր երկու մարդասպանների կողմից՝ 2009-ի հոկտեմբերին` իր կահույքի սրահի տարածքում: Դրանից հետո վիրավոր մարդասպանը չէր կարողացել կառավարել մեքենայի ղեկը եւ կահույքի խանութից ոչ շատ հեռու վթարի ենթարկվելով` մահացել էր: Երկրորդ մարդասպանին ձերբակալել էին մի քանի օր հետո` Ժիտոմիրի մարզում:
Տեղի ունեցածից հետո, Ուկրաինայի ՆԳ այն ժամանակվա նախարար Յուրի Լուցենկոն հայտարարել էր, որ սպանության պատվիրատուն հնարավոր է լինի հայաստանցի Մերաբ Սուսլովը: Սպանվածի եւ նրա միջեւ կոնֆլիկտ է ծագել կահույքի կենտրոնի շինարարության պատճառով: Իբր Մերաբը այդ բիզնեսում ներդրել է կլորիկ մի գումար (ըստ լուրերի՝ 20 մլն դոլար), իսկ հետո պահանջել է վերադարձնել ներդումը: Մերժում ստանալով՝ Սուսլովը գնացել է կտրուկ քայլերի: Հիմա գլխավոր դատախազությունը փաստաթուղթ է պատրաստում՝ նրան Ուկրաինա տեղափոխելու համար: Հենց նրան տեղափոխեն Ուկրաինա, նրա հետ կսկսեն աշխատել քննիչները: Հաղորդում է ուկրաինական Forum.ua-ն:



























