Օգոստոսի 1-ին Անկարայում տեղի է ունենալու Թուրքիայի զինված ուժերի բարձրագույն զինվորական խորհրդի նիստը: Ըստ թուրքական լրատվամիջոցների, այդ նիստին կմասնակցի երկրի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, որտեղ կքննարկվի Թուրքիայի զինված ուժերի ղեկավարության փոփոխության, այդ թվում` մի շարք սպաների նոր կոչումներ ու պաշտոններ տալու հարցերը:

Թուրքիայի ռազմաօդային ուժերի՝ թոշակի տարիքը լրացած մի շարք սպաների ծառայության ժամկետը կերակաձգվի:

Հիմնական խնդիրը, որը կքննարկվի Թուրքիայի ԶՈՒ բարձրագույն զինվորական խորհրդի նիստում, Գլխավոր շտաբի եւ ժանդարմերիայի գլխավոր հրամանատարության նոր պետերի նշանակումն է: Նշենք, որ Գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Իլքյար Բաշբուգը եւ ժանդարմերիայի գլխավոր հրամանատար, բանակի գեներալ Աթիլլահ Իշիքը օգոստոսի 30-ից, ավարտելով ծառայությունը, պաշտոնաթող են լինում եւ անցնում են թոշակի:

Թուրքիայի Զինված ուժերում գործող օրենսդրության համաձայն, գլխավոր շտաբի ղեկավարի պաշտոնում կնշանակվի ցամաքային զորքերի հրամանատար, բանակի գեներալ Իշիք Քոշաները: Նա այդ պաշտոնում կկատարի իր պարտականությունները, մինչեւ թոշակի անցնելը, այսինքն՝ 3 տարի:

Այդ նիստում կբարձրացվեն 35 գեներալների եւ ծովակալների, 45 գնդապետների կոչումները: