Հունիսի 19-20-ը Երևանում կանցկացվի ԴիջիԹեք բիզնես ֆորումը։ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) կողմից կազմակերպվող ամենամյա այս ֆորումի նպատակն է նպաստել տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների (ՏՀՏ) ներդրմանը տնտեսության այլ ոլորտներում, ներկայացնել հայաստանյան և միջազգային ընկերությունների ՏՀՏ ապրանքներ և ծառայություններ, որոնք նախատեսված են տնտեսության այլ ճյուղերի արդիականացման համար:

ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանի տեղեկացմամբ, ի տարբերություն նախորդ տարիների՝ այս տարի էապես փոխվել է հայկական ընկերությունների կողմից տեղեկատվական տեխնոլոգիաների լուծումների օգտագործումն առօրյայում։ Եթե առաջ դա սահմանափակ էր, ապա այսօր գրեթե չես գտնի ընկերություն, որը չունի հաճախորդների, կադրերի, վաճառքների կառավարման համակարգեր։ Բացի այդ, լայնորեն սկսել են օգտագործվել առցանց վճարման համակարգերը՝ սկսած տաքսի ծառայություններից մինչև սննդի պատվիրման ծառայություններ։ Տարբեր բանկեր ունեն մոբայլ բանկինգ ուղղությունը։ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների դաշտն էապես ընդլայնվել է, ինչը հանգեցնելու է ԴիջիԹեք բիզնես ֆորումի նկատմամբ հետաքրքրության մեծացմանը. մարդիկ գալու և փնտրելու են նոր լուծումներ իրենց բիզնեսի համար։

Ըստ Կարեն Վարդանյանի՝ առանձնակի հետաքրքրություն է լինելու օրենսդրական փոփոխությունների նկատմամբ։ «Ինֆորմացիոն տեխոնոլգիաների ներդրումը տնտեսության մեջ ներկայում հանգեցնում է որոշակի հակասությունների օրենսդրության հետ։ Եվ բիզնեսի կողմից լինելու է որոշակի փոփոխությունների պահանջ։ Կարծում եմ՝ մենք կհրավիրենք ՀՀ ֆինանսների, էկոնոմիկայի նախարարությունների, կենտրոնական բանկի ներկայացուցիչներին, ովքեր պատասխանատու են այս խնդիրների համար, և պրոբլեմային քննարկումներով կբարձրացնենք այդ խնդիրները»,- ասում է Կարեն Վարդանյանը՝ ընդգծելով, որ ֆորումի պրոբլեմային քննարկումների մասը բավականին աշխույժ է լինելու։

Բիզնես ֆորումի ցուցահանդեսային մասում ընկերությունները կներկայացնեն իրենց պրոդուկտները։ Կանցկացվեն սեմինարներ, որտեղ կազմակերպություններն ավելի մանրամասն կստանան տեղեկություններ, թե որ լուծումն ինչպես պետք է օգտագործել, կամ առհասարակ իմասն ունի կրառել, թե ոչ։

Ինչպես միշտ՝ ԴիջիԹեք բիզնես ֆորումում ուշադրության կենտրոնում են լինելու նորաստեղծ ընկերությունները։ Եթե վերջիններս ասելիք ունենան, ապա ԻՏՁՄ-ում անպայման նրանց կաջակցեն։

Բիզնես ֆորումում ներկայացված են լինելու նաև արտասահմանյան կազմակերպություններ, մասնավորապես՝ Ռուսաստանի Դաշնությունից, Բելառուսից, Մակեդոնիայից։ Կազմակերպիչները նշում են, որ մինչև ֆորումի մեկնարկն աշխարհագրությունն էլ ավելի կնդլայնվի։