Բրիտանական խորհրդարանի Համայնքների պալատի պատգամավորներն ընտրություններից գրեթե մեկ տարի առաջ բյուջեից ավելի քան 70 հազար ֆունտ սթեռլինգ են ծախսել՝ նոր iPhone հեռախոսներ, iPad-եր եւ դյուրակիր համակարգիչներ գնելու համար: Սակայն խորհրդարանի ստանդարտներին հետեւող անկախ վերահսկիչ կազմակերպության (IPSA) ներկայացուցիչը երեքշաբթի լրագրողներին ասել է, որ սա ծախս համարել չի կարելի:
«Ուսումնասիրելով տվյալները՝ մենք կարող ենք հաղորդել, որ գնումները կատարվել են կանոններին համապատասխան: Պատգամավորներն ընդհանուր առմամբ սեպտեմբերին 71.216 ֆունտ եւ 48 պենս են ծախսել»,- ասել է վարչության ներկայացուցիչը:
ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, վարչությունը, իմանալով գնման գումարի մասին, 60 խորհրդարանականների նամակ է ուղարկել՝ խնդրելով հիմնավորել, որ ձեռք բերված սարքավորումները «չափազանց անհրաժեշտ էին» իրենց պատգամավորական պարտականությունները կատարելու համար: Գնումները կատարվել են 2014 թվականի սեպտեմբերին՝ այն բանից հետո, երբ հայտնի է դարձել, որ IPSA-ն ամսվա վերջին համակարգչային տեխնիկայի ձեռքբերման սահմանափակումներ է մտցնելու:



























