Օգոստոսի 3-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը հերթական դիտարկումն է անցկացնելու Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի` ԼՂՀ Մարտակերտի շրջանի Թալիշ բնակավայրից դեպի արեւելք:

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումը կիրականացնեն ԵԱՀԿ գրասենյակի համակարգող փոխգնդապետ Իմրե Պալատինուսը (Հունգարիա) եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնական Քրիստո Քրիստովը (Բուլղարիա):

Հակառակ կողմից դիտարկումը կիրականացնեն ԵԱՀԿ ԳՆԱՆ դաշտային օգնականներ փոխգնդապետ Անտալ Հերդիչը (Հունգարիա) եւ  Ուիլյամ Փրայորը (Մեծ Բրիտանիա):

Դիտարկման առաքելությանը ղարաբաղյան կողմից կուղեկցեն ԼՂՀ արտաքին գործերի նախարարության եւ ԼՂՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչները: