Իսրայելի Միջկրոնական հրեական կոալիցիան դատապարտել է Երուսաղեմի հայ հոգեւորականության հանդեպ վերջերս իրականացված անհանդուրժողականության եւ ատելության ակտերը: Այս մասին գրում է «Asbarez» պարբերականը:
«Մենք կոչ ենք անում անհապաղ ուշադրություն դարձնել եւ քայլեր ձեռնարկել՝ անմեղ հայ հոգեւորականների դեմ այդ բռնության կրկնվող ակտերը դադարեցնելու համար»,- ասված է կազմակերպության հայտարարությունում:
Դրա հեղինակները նշել են, որ Երուսաղեմի Հին քաղաքում հայ հոգեւորականության դեմ կրկնվող այդ գործողությունները չպետք է տեղի ունենան հրեական ժողովրդավարական պետությունում:
Նրանք նաեւ հավելել են. «Որպես հրեաներ՝ մենք հատուկ պարտականություն ունենք չճնշել մեր հասարակությունում օտարերկրացիներին»: Կազմակերպությունը պահանջել է, որպեսզի ոստիկանությունը ձերբակալի եւ պատժի վերջերս տեղի ունեցած հանցագործությունների մասնակիցներին՝ նշելով, որ «անհանդուրժողականության այդպիսի ակտերը» կդադարեն միայն այն դեպքում, երբ արագ եւ հետեւողական քայլեր ձեռնարկվեն՝ իրավախախտներին պատժելու նպատակով:





























