Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում (Պոլիտեխնիկ) տոքսինների շարժական դետեկտոր են ստեղծել: Այս մասին NEWS.am-ի թղթակցին տեղեկացրեց նախագծի հեղինակ, տեխնիկական գիտությունների դոկտոր Սուրեն Խուդավերդյանը:

Սարքի հիմքում ֆոտոդետեկտոր է, ինչպես նաեւ կիսահաղորդիչ մոդուլ, որը վերլուծում է ստացվող լույսի ինտեգրալ փունջը եւ դրանից անհրաժեշտ երկարության ալիքներ առանձնացնում՝ այս կամ այն նյութի կենտրոնացումը անալիզի ենթարկելու համար: «Սարքի ծածկույթի գոտում հայտնվում են ե՛ւ ծանր մետաղներ, ե՛ւ պեստիցիդներ, ե՛ւ թմրանյութեր… Սարքը կարող է դրանք անալիզի ենթարկել ցանկացած միջավայրում՝ հողում, ջրում, օդում»,- նշեց Սուրեն Խուդավերդյանը:

Անալիզի համար անհրաժեշտ լուսային ալիքների առանձնացման գործող մեթոդները սարքերի շահագործման ժամանակ մի շարք տեխնիկական բարդություններ են առաջացնում:

Նորարարությունը ներկայացվել է Ռիգայում, տեխնոլոգիաների փոխանցման «Առեւտրայնացման ռեակտոր» հարթակում, որտեղ հայ գիտնականները լատվիացի ներդրող են գտել:

«Հիմա մեր խնդիրը ֆոտոդետեկտոր ստեղծելն է: Արդեն նախագծել ենք այն եւ ուղարկել լատվիացի գործընկերներին: Մինչեւ տարեվերջ հույս ունենք սարքի լիարժեք նախատիպը ստանալ»,- հայտարարեց Խուդավերդյանը:

Ամենայն հավանականությամբ, արտադրությունը հիմնվելու է Լատվիայում: «Բայց հույս ունենք, որ Հայաստանում մասնաճյուղ կստեղծենք»,- հավելեց գիտնականը:

Սուրեն Խուդավերդյանի ղեկավարությամբ աշխատողը սարքի համար ծրագրային ապահովում է մշակել, իսկ ապագայում ծրագրվում է դրան նաեւ GPRS կապի միջոցով տվյալների փոխանակման մոդուլ հավելել:

«Այլ կերպ ասած՝ դա առանձին շարժական սարք է լինելու, տնտեսող եւ հուսալի»,- ամփոփեց գիտնականը: