Կապանի «Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի» ընկերության վարչական տարածքում կայանած մեքենայի տակ պայթուցիկ սարքի հայտնաբերման ուղղությամբ իրկանացվող նախաքննությունը դեռեւս շարունակվում է: NEWS.am-ին հայտնի դարձավ, որ պայթուցիկ սարքը տեղադրված է եղել ոչ թե «Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի» ՓԲԸ տնօրեն Ռոբերտ Ֆալլետայի, այլ ընկերության ֆինանսական տնօրեն Արա Մարկոսյանին պատկանող «Տոյոտա» մակնիշի մեքենայում: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Արա Մարկոսյանն ասաց, որ այս պահին իրեն հայտնի չէ որեւէ տեղեկություն պայթուցիկ սարքը տեղադրողների վերաբերյալ եւ հույս հայտնեց, որ դրա հեղինակները նախաքննության միջոցով հայտնի կդառնան ու պատասխանատվության կենթարկվեն: Հարցին, թե ո՞վ կարող է լինել դրա հեղինակը, Մարկոսյանը դժվարացավ ասել, միաժամանակ նշելով, որ թնշամիներ չունի: Նույնը պնդեց նաեւ ընկերության հասարակայնության հետ կապերի վարչության ղեկավար Նորայր Աղայանը: «Նա թշնամիներ չունի եւ մինչ այդ եւ այժմ էլ նորմալ իրականացնում է իր աշխատանքային գործունեությունը»,- նշեց նա:
Հիշեցնեք, որ ըստ ոստիկանության հաղորդագրության, հուլիսի 26-ին, ժամը 14.00-ին, Մանուկ Դ.-ն հեռախոսով ոստիկանության Կապանի բաժնին հայտնել է, որ «Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի» ՓԲԸ տարածքում կայանված ավտոմեքենայի տակ նռնակ է տեղադրված:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ ընկերության վարչական շենքին հարակից ավտոկայանատեղում կայանված «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի աջ հետեւի անվադողի հարեւանությամբ` սռնու վրա, մետաղալարով ամրացված է «Ֆ-1» տիպի նռնակ` պայթուցիչով, որի օղակը նույնպես մետաղալարով կապված է եղել սռնուց: Նռնակը վնասազերծվել էր դեպքի վայր հրավիրված ՀՀ պաշտպանության նախարարության սակրավորների կողմից: Հարուցվել է քերական գործ ՀՀ ՔՕ 137 հոդվածի 1-ին (սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ գույք ոչնչացնելու սպառնալիք) եւ 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից և դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը): Փաստի առթիվ այժմ կատարվում է նախաքննություն:
Ոստիկանության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության աշխատակից Արմեն Մալխասյանն ասաց, որ այս պահին նախաքննությունը որեւէ բան չի պարզել: Թեեւ՝ դեպքից շուրջ մեկ շաբաթ է անցել:




























