Շարունակելով ԱՄՆ Արեւելյան թեմ հովվապետական այցելությունը՝ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն այցելել է Ֆիլադելֆիա: 

Կիլիկիո կաթողիկոսության կայքի փոխանցմամբ, Նորին Սրբությանը դիմավորել են Ֆիլադելֆիայի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգեւոր հովիվ Տ. Ներսես. Ավ. Մանուկյանը եւ հոգաբարձության անդամները: Վեհափառին ուղեկցել են ԱՄՆ Արեւելյան թեմի առաջնորդ Գերշ. Տ. Օշական Արք. Չոլոյանը, առաջնորդական փոխանորդ Գերշ. Տ. Անուշավան Եպս. Դանիելյանը, կաթողիկոսարանի միջեկեղեցական բաժանմունքի վարիչ Գերպ. Տ. Հուսիկ Ծ. Վրդ. Մարտիրոսյանը, Հոգշ. Տ. Պետրոս Աբղ. Մանվելյանը եւ ազգային կեդրոնական վարչութեան անդամ Տրդատ Մանկիկյանը:

Սրբազան առաջնորդը Ֆիլադելֆիայի մեր ժողովրդի զավակներին փոխանցել է իր պատգամը, ողջունել նրանց եւ բարձր գնահատել եկեղեցական դասի, ազգային վարչության ու առաջնորդարանի բոլոր մարմինների գործունեությունը:

Նա շեշտել է մեր արմատներին, արժեքներին, ինքնությանն ու նահատակների կտակին հավատարիմ ու կառչած մնալու կարեւորությունը:

Անդրադառնալով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին՝  Նորին Սրբությունը նշել է. «Մեզ համար ամեն օր ապրիլի 24 է, մեզ համար ամեն տարի 100-ամյակ է այնքան ժամանակ, քանի դեռ մեր ժողովրդի արդար իրավունքները մնում են ոտնահարված ցեղասպանի կողմից»:

Մայիսի 13-ի առավոտյան Ֆիլադելֆիայի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգեւոր հովվի ու հոգաբարձության կազմակերպությամբ տեղի է ունեցել հանդիպում Վեհափառ Հայրապետի եւ Ֆելադելֆիայի հայ եկեղեցականների եւ կազմակերպությունների ներկայացուցիչների միջեւ:

Հանդիպումից հետո Վեհափառ Հայրապետը մեկնել է Նյու Ջերսի: