Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) արագ արձագանքման հավաքական ուժերի կազմում ընդգրկված ՀՀ զինված ուժերի` մարտական պատրաստության բարձր աստիճանի բերված ստորաբաժանումը մայիսի 14-ի առավոտյան համապատասխան հանդերձանքով ու սպառազինությամբ ՀՀ ԶՈւ-երին պատկանող ինքնաթիռով մեկնել է օպերատիվ ծավալման նախանշված շրջան:

Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՊՆ մամուլի ծառայությունից:

Ավելի վաղ հայտնել էինք, որ անակնկալ ստուգումների նպատակով  Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) արագ արձագանքման հավաքական ուժերը մայիսի 12-ին բերվել են մարտական պատրաստության բարձր աստիճանի: ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի որոշմամբ՝ ուժերը վերախմբավորվելու են տրված առաջադրանքների կատարման համար, ինչից հետո ուղարկվելու են ՀԱՊԿ տարածքի որևէ վայր:

Հանկարծակի ստուգմանը մասնակցող ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումը բերվել է մարտական պատրաստության բարձր աստիճանի: Մայիսի 13-ի առավոտյան համապատասխան հանդերձանքը, սպառազինությունն ու ռազմական տեխնիկան բեռնվել են ՀՀ ԶՈւ-ին պատկանող ինքնաթիռներ: ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումը պատրաստ է մարտական խնդրի կատարմանը ՀԱՊԿ պատասխանատվության գոտու ցանկացած հատվածում: