Բանակը կառույց է, որ մոտ է նախնադարյանին: Այդ մասին օգոստոսի 12-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի դասախոս Հայկ Սահակյանը՝ մեկնաբանելով Զինված ուժերի զորամասերից մեկում տեղի ուենցած վերջին միջադեպը: «Կարեւոր է հասկանալ, որ բանակը հանրույթ է, որ ղեկավարվում է կոշտ հիերարխիայի կողմից, որտեղ շատ «չիկարելիներ» կան, եւ երբ մարդ անցնում է «չիկարելիի» սահմանը, նրան պատժում են: Դա մարդուն դնում է ընտրության առջեւ, պատիժ կրել ի հաշիվ արժանապատվության, կամ պաշտպանել այն՝ դիմադրելով հրամանին»,- հայտարարել է նա: Պաշտպանության միջոցներից մեկը նա համարել է ինքնասպանությունը: «Դա էլ պատճառ է, որ բանակում ինքնասպանությունները հազվադեպ չեն»,- ընդգծել է սոցիոլոգը:

Ասուլիսի մյուս բանախոս, հոգեբան Կարինե Նալչաջյանը նկատել է, թե դա չի նշանակում, որ բանակն ինչ-որ վատ բան է: «Բանակը մեր հասարակության հիմնական բաղադրիչներից մեկն է, եւ թերեւս այն եզակիներից, որտեղ դրական առաջընթաց է նկատվում»,- ասել է Նալչաջյանը:

Ինչպես արդեն հայտնել է NEWS.am-ը, ԼՀ զորամասերից մեկում հուլիսի 28-ին զոհվել են լեյտենանտ Վարդգես Թադեւոսյանը, եւ զինվորներ Գարեգին Հովսեփյանը, Անդրանիկ Սարգսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Արտեմ Մանասյանն ու Կարո Այվազյանը: Կարո Այվազյանը գնդակահարել էր մյուս զինծառայողներին եւ ինքնասպանություն գործել: