Եթե վաղը տեղի ունենան խորհրդարանական ընտրություններ, ապա «Ժառանգությունը» միանշանակ կարող է անցնել խորհրդարան: Այս մասին օգոստոսի 2-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը՝ անդրադառնալով գալիք խորհրդարանական ընտրություններում «Ժառանգության» ստանալիք ձայների վերաբերյալ կանխատեսումներին: «Բոլոր կանխատեսողները գոնե «Ժառանգության» մասով սխալվել են: Ես չեմ սիրում կանխատեսումներ անել, քանի որ բավանական ժամանակ կա: Սակայն ես վստահ եմ, որ եթե խորհրդարանական ընտրությունները լինեն այսօր կամ վաղը, ապա «Ժառանգությունը» ունի բավարար ընտրազանգված՝ հաղթահարելու խորհրդարանական շեմը»,-ընդգծեց Սաֆարյանը: Նա նաեւ հավելեց, որ երկու տարի անց, երբ տեղի ունենան խորհրդարանական ընտրությունները, «Ժառանգությունը» շատ ավելի մեծ քվեներ կարող է ստանալ եւ եղած ընտրազանգվածը կարող է բազմապատկել: Ընդդիմադիր պատգամավորը նշեց նաեւ, որ «Ժառանգությունը» նախորդ խորհրդարանական ընտրություններում իր ընտրազանգվածի խնդիրը լուծել է «հազար անգամ պակաս ռեսուրսներ ներդնելով՝ քան մյուս կուսակցությունները»:
««Ժառանգությունը» դա արել է շատ էժան, գրեթե ձրի: Եւ բավական է մի փոքր էլ միջոցներ ներդնենք այդ ամեն ինչի վրա, եւ մեր հաջողությունն ապահովված է լիենլու հաջորդ ընտրություններում»,-ընդգծեց պատգամավորը: Հարցին, թե այդ ի՞նչ միջոցների մասին է խոսքը՝ Սաֆարյանը հստակեցրեց, թե խոսքը ճիշտ քարոզչություն կազմակերպելու մասին է: «Մենք թերթին փողեր չենք տալիս, որ մեր մասին վատը չգրեն, մեզ գովեն, ինչը շատ ուրիշ կուսակցություններ են անում: Մենք, բացի մեզ սիրող ու համակրող լրագրողներից, որեւէ այլ եղանակների չենք դիմում եւ սեւ PR–ով չենք զբաղվում»,-հայտարարեց Սաֆարյանը:




























