Այն պահից սկսած, երբ Ադրբեջանի կառավարությունը տեղեկացրեց UNESCO-ին Լեռնային Ղարաբաղում մշակութային ժառանգության պահպանման իր մտավախությունների մասին եւ խնդրեց ճանաչողական առաքելություն ուղարկել, կազմակերպության քարտուղարությունն ի վիճակի չի եղել ուղարկել փորձագետներին Ղարաբաղում մշակութային արժեքների վիճակը գնահատելու համար: Այդ մասին NEWS.am-ին հայտնել է UNESCO-ի մամուլի քարտուղար Բեռնարդ Ջիանսետտոն:
Նրա խոսքով, խնդիրները հիմնականում ծագել են անվտանգության հարցերի պատճառով: «Փաստացի, ինչպես Միավորված ազգերի կազմակերպության մյուս կառույցները, UNESCO-ն չի կարողացել մտնել այդ վիճահարույց տարածքներ: UNESCO-ն նախկինի պես պատրաստ է փորձագետներ ուղարկել, եթե անվտանգության երաշխիքներ տրվեն, եւ այդ համաձայնությունը կայացվի Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ: UNESCO-ի տեսակետը փոխանցվել է պետություններին»,- ասել է նա:




























