Beeline-ը տեղեկացնում է, որ միանում է Թանգարանների օրվան նվիրված ամենամյա միջազգային ակցիային:
Մայիսի 16-ին եւ 18-ին Beeline Կապի թանգարանի դռները բաց կլինեն այցելուների առջեւ. մայիսի 16-ին ժամը 18։00–ից մինչեւ 24։00–ն եւ մայիսի 18-ին՝ 10։00-ից մինչեւ 18։00–ն։
«Այս տարի Թանգարանների օրվա ամենամյա միջազգային ակցիան Հայաստանում նվիրված է Ցեղասպանության 100-րդ տարելիցին եւ կանցկացվի «Թանգարանները որպես հիշատակի վկաներ» խորագրով: Beeline-ը միանում է «Թանգարանների գիշեր» ամենամյա միջոցառմանը եւ հրավիրում է բոլոր ցանկացողներին այցելելու Կապի թանգարան, որտեղ ներկայացված են հայ կապավորների եւ հեռահաղորդակցության զարգացման պատմությունը», - նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
Կապի թանգարանում ներկայացված են հեռախոսային կապի եւ ընկերության զարգացման պատմությանը վերաբերող նյութեր, ինչպես նաեւ երկրում ներդրված կապի ժամանակակից տեխնոլոգիաների ցուցանմուշներ: Թանգարանում ներկայացված ցուցանմուշները հնարավորություն են ընձեռում այցելուներին ծանոթանալ XX-րդ դարից սկսած մինչեւ ժամանակակից թվային ֆիքսված, բջջային եւ ինտերնետ կապի սարքավորումներին: Կապի թանգարանը գործում է Ազատություն 24/1 հասցեում։
«Թանգարանների գիշեր» միջազգային ակցիայի հիմնական նպատակն է երիտասարդությանը թանգարաններ ներգրավելով՝ ներկայացնել ժամանակակից թանգարանների ռեսուրսն ու ներուժը: Առաջին անգամ «Թանգարանների գիշեր» ակցիան կայացել է Բեռլինում 1997 թվականին, իսկ 2009 թվականին այս միջոցառմանը մասնակցել են արդեն 2300 Եվրոպական թանգարան:
Հայաստանը «Թանգարանների գիշեր» ակցիային միացել է 2005 թվականին: Այդ ժամանակ ակցիային մասնակցել են հայկական 9 թանգարան: Անցյալ տարի այս ամենամյա միջոցառմանը մասնակցել են Հայաստանի եւ ԼՂՀ արդեն 100 թանգարան:





























