Նորզելանդական Touchpoint ընկերությունը հայտարարել է աշխարհի ամենաչար ռոբոտը ստեղծելու մտադրության մասին, սակայն դրա նպատակն ամենեւին էլ մոլորակի բոլոր կենդանի էակներին վերացնելը չի լինի: Նրա գլխավոր հակառակորդները կլինեն բանկային ծառայողները, որոնք աշխատանքի բերումով ստիպված են լինում բախվել բազմաթիվ զայրացած հաճախորդների հետ, որի պահվածքի մոդելն էլ կծրագրավորեն նրա արհեստական ինտելեկտում:
Նախագծի արժողությունը 100 մլն դոլար է, իսկ առաջին նման ռոբոտը կթողարկվի այս տարեվերջին: Մշակողները հավաստում են. նրանից վախենալու պատճառներ չկան, այն բացառապես բանավոր ագրեսիա է ցուցաբերելու: Առավելագույնը, որ կարելի է նրանից ակնկալել, վիրավորանքն է:
Mignews-ի փոխանցմամբ, փորձագետները նաեւ զգուշացնում են, որ ռոբոտներն իսկապես ունակ չեն որեւէ գործողություն կատարել, այդ թվում՝ ֆիզիկական ագրեսիա դրսեւորել, եթե նրանց այդպես չեն ծրագրավորում: Դրանից հակառակն է հետեւում. հարկավոր է վախենալ ոչ թե արհեստական ինտելեկտի ակնհայտորեն ագրեսիվ ներկայացուցիչներից, այլ նրանցից, ովքեր ծրագրավորված են չցուցադրել իրենց իրական մտադրությունները:




























