Մոլդովայի մայրաքաղաք Քիշնեւում մեկնակարկած Սեւծովյան տնտեսական համագործակցության անդամ պետությունների տրանսպորտի նախարարների խորհրդակցությանը մասնակցող ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը մայիսի 14-ին հանդիպեց Մոլդովայի Հանրապետության տրանսպորտի եւ ճանապարհային ենթակառուցվածքների նախարար Վասիլի Բոտնարի հետ:
ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության լրատվական ծառայությունից հայտնում են, թե, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից բեռնափոխադրումների բնագավառում տարվող բարեփոխումների քաղաքականությունը, ինչպես նաեւ բեռնափոխադրումների բնագավառում այլ պետությունների հետ արդեն իսկ գոյություն ունեցող ազատականացման փորձը՝ երկու երկրների տրանսպորտի նախարարները ստորագրեցին «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Մոլդովայի Հանրապետության կառավարության միջեւ միջազգային ավտոմոբիլային հաղորդակցության մասին» 1996թ. հոկտեմբերի 30-ին Քիշնեւում ստորագրված համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին արձանագրություն:
Դրա արդյունքում կազատականացվի Հայաստանի եւ Մոլդովայի միջեւ բեռնափոխադրումների ոլորտը, այսինքն՝ երկու երկրների միջեւ բեռնափոխադրումներն այսուհետ կիրականացվեն առանց թույլտվությունների անհրաժեշտության, փոխադրողների համար կկրճատվի վարչարարությունը, կնվազի փոխադրման ժամանակը, որն էլ իր հերթին կբերի բեռների փոխադրումների ինքնարժեքի նվազեցման:











