Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն օգտվել ու օգտվելու է ինքնորոշման իր իրավունքից, անկախ այն հանգամանքից՝  ուզո՞ւմ է  դա միջազգային հանրությունը,  մասնավորապես ԱՄՆ-ը, թե` ոչ: Այս մասին օգոստոսի 2-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը՝ արձագանքելով, մասնավորապես, ԱՄՆ-ի  պաշտոնյաներից մեկի այն հայտարարությանը, թե Կոսովոյի վերաբերյալ Հաագայի դատարանի որոշումը չի կարող  կիրառելի լինել նաեւ ԼՂՀ-ի դեպքում:  Ըստ Սաֆարյանի՝ եթե ուսումնասիրելու լինենք 1991-1992 թվականներին ստորագրված ԵԱՀԿ մի շարք փաստաթղթերը, ապա դրանցում միջազգային հանրությունն ընդունել է, որ այս տարածաշրջանում ԼՂ ժողովուրդը փորձում է օգտվել Հելսինկյան եզրափակիչ ակտով իրեն վերապահված՝ ժողովուրդների ինքնորոշման իրավունքից:

«Այսինքն, ե'ւ փաստաթղթային, ե'ւ քաղաքական հայտարարությունների առումով սա բավական հստակ հանգամանք է»,-նկատեց պատգամավորը:
Նա, այս համատեքստում, նաեւ վկայակոչեց Հաագայի դատարանի որոշման այն հատվածը, որում նշվում է, թե անկախ նրանից, թե ով է դեմ, կամ կողմ, Կոսովոյի միակողմանի ճանաչումը չի խախտում միջազգային որեւէ իրավունք կամ օրենք: