Համահայկական միջազգային երիտասարդական կենտրոնը օգոստոսի 2-ին անց է կացրել մարզային կառույցների ներկայացուցիչների արտահերթ ժողով, որի օրակարգում եղել է Ռուսաստանի` հրդեհներից տուժած շրջաններին երիտասարդների ուժերով օգնություն ցուցաբերելու հարցը: Կենտրոնի նախագահ Անդրանիկ Նիկողոսյանի առաջարկով ընդունվել է հետեւյալ հայտարարությունը.
«Համահայկական միջազգային երիտասարդական կենտրոնի անդամ երիտասարդները մտահոգված են Ռուսաստանում մոլեգնող անտառային աննախադեպ հրդեհների պատճառով տուժած շրջանների ճակատագրով, որոնք արդեն իսկ բազմաթիվ կյանքեր են խլել, հարյուրավոր մարդիկ տարհանվում են իրենց տներից:
Կենտրոնը` գիտակցելով իր պատասխանատվությունը ստեղծված իրավիճակում մեր երկրի ռազմավարական գործընկերոջը եւ դարավոր բարեկամին օգնության ձեռք մեկնելու հարցում, պատրաստակամություն է հայտնում Ռուսաստանի Դաշնություն ուղարկել իր անդամ երիտասարդներից կազմված կամավորների 100-հոգանոց խումբ` հրդեհամարման եւ բնակիչներին տարատեսակ օգնության ցուցաբերման աշխատանքներին սատարելու նպատակով:
Համահայկական միջազգային երիտասարդական կենտրոնը կոչ է անում բոլոր մտահոգ երիտասարդներին միանալ նախաձեռնությանը»:




























