Օգտատերերի կողմից սիրված «օձուկ» խաղը, որը հարմարեցվել է ժամանակակից բջջային սարքերին, խաղի վերադարձին սպասող երկրպագուների շրջանում դժգոհության առիթ է դարձել։ Դժգոհությունը վերաբերում է բարձր արագության ժամանակ օձուկի կառավարմանը։ Որոշ օգտատերեր սխալ են կարգավորել խաղը՝ կապված էկրանի հորիզոնական կամ ուղղահայաց օրիենտացիայի հետ, հաղորդում է RG-ն։

Այս պահին iTunes-ում եւ Google Play-ում հավելվածի միջին գնահատականը կազմում է 4 բալ, ինչը համադրելի է վերջին տարիներին թողարկված բազմաթիվ «կլոնների» հետ։

Հիշեցնենք, որ հայտնի խաղը որոշել էր վերակենդանացնել Nokia հեռախոսների համար «օձուկի» ստեղծող Տանելի Արմատոն՝ ֆիննական Rumilus Design ընկերության հետ համատեղ։ Նոր տարբերակում խաղացողները պետք է հաղթահարեն 10 աստիճան, որոնցից յուրաքանչյուրն ունի իր առանձնահատկությունները։ Խաղում հայտնվել են տարբեր բոնուսներ՝ յուրատեսակ էֆեկտներով, սակայն գլխավոր տարբերությունն այն է, որ խաղացողը հնարավորություն է ստացել պարտության դեպքում հետ տալ խաղն ու նորից խաղալ։