Թուրքիան շարունակում է Իսրայելից պահանջել, որ որպեսզի վերջինս ներողություն խնդրի «Ազատության նավատորմը» գրավելու համար եւ փոխհատուցի վնասները: Այս մասին օգոստոսի 2-ին հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը` Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուի հետ հեռախոսազրույցում: Հաղորդում է «Անադոլու» գործակալությունը:
Հաղորդվում է, որ Դավութօղլուն զանգահարել է Էրդողանին, նախքան ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կհայտարարեր, որ Իսրայելը համաձայնել է համագործակցել ՄԱԿ-ի հետ` «Ազատության նավատորմի» հետ կապված դեպքը հետաքննելու նպատակով: Զրույցի ընթացքում Էրդողանը հանձնարարել է Դավութօղլուին ուշադիր հետեւել հետաքննության ընթացքին:
Հիշեցնենք, որ մայիսի 31-ին Իսրայելի զինված ուժերը գրավել էին «Ազատության նավատորմը», որը փորձել է ճեղքել Գազայի հատվածի շրջափակումը: Գործողության ընթացքում սպանվել էին նավի վրա գտնվող 9 թուրքեր, տասնյակ մարդիկ վիրավորվել էին, 100-ավորներ հայտնվել են վանդակաճաղերի հետեւում, ապա արտաքսվել Իսրայելից:
Վիրավորվել էին նաեւ 7 իսրայելցի զինծառայողներ, որոնք բախվել էին նավի վրա եղած պաղեստինամետ ակտիվիստների դիմադրությանը:
Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ Իսրայելը համաձայնել է այդ դեպքի հետ կապված միջազգային հետաքննությանը:




























